Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր

29.11.2016

Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր՝ 2016-2018 թվականների համար: Այն ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտում մշակույթի, ժառանգության եւ ապակենտրոնացված հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն: ՙ Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որը ձեռքբերումներ է արձանագրել առողջապահության, տուրիզմի զարգացման եւ ֆրանսերենի ուսուցման ուղղություններում: Առավել կարեւոր ձեռքբերում եմ համարում ֆրանսիացիների աջակցությամբ մարզի գյուղական բուժկետերում իրականացված ծրագիրը, ինչի արդյունքում հիմնանարոգվեցին եւ վերակահավորվեցին Վարդենիսի եւ Ճամբարակի տարածքների գյուղական բուժկետերի, Կարճաղբյուրի և Ծովակի բուժամբուլատորիաների շենքերը: Շատ համեստ միջոցներ ծախսելով՝ մենք կարողանում ենք հասնել ավելի մեծ արդյունքների: Այս պայմանագրով մենք հերթական անգամ ստորագրեցինք մեր փոխադարձ բարեկամության վերահաստատման հուշագիրը,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙՍա մի համագործակցության պայմանագիր է, որը ոչ թե նոր է սկսվում, այլ շարունակվում է՝ երկար տարիների պատմությամբ: Ֆրանսիական առածն է ասում, որ եթե մի բան սիրում ես, ապա դադարում ես հաշվել: Սա արդեն իմ հինգերորդ այցն է Հայաստան: Ես ծնվել ու մեծացել եմ մի շրջանում, որտեղ ունեցել եմ ծագումով հայ ընկերներ ու դասընկերներ, Ֆրանսիայում ապրող հայերին մենք ընդունում ենք յուրայինների պես: Մեր բարեկամությունը գալիս է հազարամյակների խորքից, մեր մշակույթները շատ կողմերով նման են իրար: Գեղարքունիքի եւ Իզերի համագործակցության 3 ուղղությունների մեջ հաջողված եմ համարում նաեւ ֆրանսերենի ուսուցման ուղղությունը եւ հայտնում եմ իմ շնորհակալությունը, որ դուք նպաստում եք ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի ուսուցմանն ու տարածմանը: Այս համագործակցության շարունակությունը խորացնելու է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՚,- նշեց Պատրիկ Կուրտոն: Պայմանագրի ստորագրումից հետո Պատրիկ Կուրտոն շրջեց մարզպետարանի մի քանի աշխատասենյակներում, ծանոթանալով մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների գործունեությանը , մտքեր փոխանակեց աշխատակիցների հետ, որից հետո հանդիպում ունեցավ ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մի խումբ մասնակիցների հետ: Գեղարքունիքի մարզպետարանում պայմանագրի ստորագրաման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, Ֆրանսիական կողմից՝ Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրան: 

https://www.youtube.com/channel/UCSPG7AfbJgfJ-EKFSQcM6pw

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28