Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

23.11.2016

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: 2016 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 76,9 տոկոս, ինչը մոտ 11,4 տոկոսով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: Զեկուցողը մարզի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց հողի հարկից գանձվող եկամուտների հավաքագրման ընթացքի վրա, որտեղ մարզի միջին ցուցանիշը կազմել է 60,7 տոկոս: Ըստ զեկուցողի՝ մինչեւ տարեվերջ կատարողականը 100 տոկոսի հասցնելու համար հարկավոր է հավաքագրել 386 միլիոն 161 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզի ռազմավարության մշակման համար մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները վերապատրաստվել են Եվրամիության փորձագետների կողմից, իսկ այժմ ընթացքի մեջ են մարզի տարածքային զարգացման ռազմավարության աշխատանքները: Ըստ զեկուցողի՝ ռազմավարության մեջ ներառվելու են մարզի առանձնահատկությունները, տնտեսական միջավայրի ու հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առկա իրողությունների համակողմանի վերլուծությունները: Զեկուցողն անդրադարձավ նաեւ մարզի համայնքներում օրենքով նախատեսված հնգամյա զարգացման ծրագրերի կազմման ընթացքին, համաձայն որի՝ 5 քաղաքային եւ 23 գյուղական խոշոր համայնքներում հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներն ավարտական փուլում են, 25 համայնքերում՝ կավարտվեն դեկտեմբերին: 2016 թվականի ինն ամիսների ընթացքում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Նա նշեց, որ 2016 թվականի 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում վարչական վերահսկողություն է իրականացվել Մաքենիս, Ծովազարդ, Լճաշեն, Ծովասար, Լանջաղբյուր, Կալավան, Վաղաշեն, Սեւան, Այրք, Վարդաձոր, Ծովինար, Ծովակ, Վարդենիկ, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ Գավառ համայնքներում: Վարչական հսկողության արդյունքում կազմվել են տեղեկանքներ, որոնցում արտացոլվել են ուսումնասիրության արդյունքում տեղ գտած ինչպես իրավական, այնպես էլ՝ մասնագիտական թերությունները, որոնց վերացման համար առաջարկվել է համայնքի ղեկավարներին՝ 15-օրյա ժամկետում դրանք քննարկել ավագանու նիստերում եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Ըստ զեկուցողի՝ վարչական հսկողություն իրականացնող խմբի անդամների կողմից ուսումնասիրությունները կատարելու ընթացքում շտկվել եւ կարգավորվել են բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ, որոնք գրեթե բոլոր համայնքներում կրկնվում են՝ կապված համայնքի ղեկավարի վարձատրության չափի սահմանման, համայնքների վարչական սահմաններում գտնվող եւ համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության տրամադրման կարգի, քաղաքաշինական կանոնադրության խախտման, զինապարտների գրանցման մատյանները թերություններով վարելու եւ այլ խնդիրների հետ:
Հանդես գալով ամփոփիչ խոսքով՝ Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կարեւորեց ինչպես բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, այնպես էլ՝ մարզի զարգացման ռազմավարության եւ համայնքերի զարգացման հնգամյա ծրագրերի կազմումը սահամաված ժամկետներում ավարտելը, վարչական վերահսկողության արդյունքում ի հայտ եկած թերությունների եւ բացթողումների վերացումը եւ հետագայում դրանց բացառումը: Մարզպետն առաջարկեց՝ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները՝ դրանք հասցնելով 100 տոկոսի, ներկայացնել տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կբխեն Գեղարքունիքի մարզի զարգացման ռազմավարության ընդհանուր մեթոդաբանությունից եւ իրենց հիմքում կապահովեն համայնքի զարգացման իրական հնարավորություններ եւ հեռանկարներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28