Նորություններ
Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է ձկան եւ խեցգետնի որսը
21.11.2016

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցության, որի ընթացքում քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում դեկտեմբերի 1-25-ը և հունվարի 6-20-ը ձկան եւ խեցգետնի որսը ժամանակավորապես արգելելու մասին միջոցառումների ժամանակացույցը: Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումները կյանքի կկոչվեն ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ և շահագրգիռ այլ կառույցների ղեկավարներ:
Իր խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ որսի արգելքը հիմնականում կապված է սիգի ձվադրության ժամանակահատվածի հետ: ՙՄենք ոչ միայն պետք է օգտագործենք վարչական լծակները, այլ նաեւ փորձենք լայն բացատրական աշխատանքի միջոցով կանխել ձկնորսների մուտքը դեպի լիճ եւ այնտեղ թափվող գետեր: Ավելին, ձկների ձվադրության շրջանում սահմանված արգելքի իրականացումը հնարավորություն կտա Սեւանա լճում բնական ճանապարհով ձկան վերարտադրությանը եւ պաշարների ավելացմանը, ինչն էլ իր հերթին կավելացնի ձկնորսների եկամուտը: Կարծում եմ, որ մենք կկարողանանք համատեղ ուժերով իրականացնել միջոցառումների ծրագիր -ժամանակացույցը՚,-ասաց նախարարը: Արծվիկ Մինասյանը հրապարակեց ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ ոստիկանության եւ Գեղարքունիքի մարզպետի կողմից ստորագրված համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով նախատեսված է 2016 թվականի դեկտեմբերի 1-ից փակել Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհները եւ տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել ՙՍեւան՚ ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների եւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ արգելելով բոլոր տեսակի լողամիջոցների եւ որսագործիքների մուտքը դեպի Սեւանա լիճ, բացատրական աշխատանք տանել Սեւանի ափամերձ համայնքների բնակիչների հետ, սիգի վաճառքի կանխարգելման նպատակով ստուգայցեր կազմակերպել մայրաքաղաքի եւ մարզերի շուկաներում, կատարված աշխատանքների արդյունքների ամփոփման նպատակով յուրաքանչյուր տաս օրը մեկ անցկացնել համատեղ խորհրդակցություն, միջոցառումների ընթացքը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:
ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումները լիովին պատրաստ են միջոցառումների իրականացմանը եւ շուրջօրյա համագործակցված հերթապահությանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց միջոցառումն իրականացնող բոլոր կողմերին եւ համայնքի ղեկավարներին՝ կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել արդյունավետ՝ գործի դնելով ինչպես վարչական ռեսուրսները, այնպես էլ բացատրական աշխատանքը տեղերում: Մարզպետը կարեւորեց նաեւ զանգվածային լրավամիջոցների դերը:ՙՆոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից եւ ափամերձ հատվածներից դուրս են բերվում բոլոր լողամիջոցներն ու որսագործիքները, ժամանակավոր կացարանները, փակվում են Սեւանա լիճ տանող ճանապարհները, սահմանվում է շուրջօրյա հսկողություն: Կարծում եմ, որ ցանկության դեպքում մենք կկարողանանք մինչեւ վերջ եւ անթերի իրականացնել կանխարգելիչ միջոցառումները: Բացատրական աշխատանքը եւս կտա իր դրական արդյունքը:Իսկ զանգվածային լրատվամիջոցները կարեւոր դեր ունեն միջոցառումների արդյունավետ իրականացման գործում:Ակնկալում եմ նրանց ամենօրյա ուշադրությունը եւ անդրադարձը միջոցառումների ընթացքին՚-շեշտեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Առանձին համայնքների ղեկավարներ եւս հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ ձկնորսության արգելքը սահմանող միջոցառումներին աջակցություն ցուցաբերելու համար: