Նորություններ
Տեղի ունեցավ հանդիպում մարզի և հանրապետության վիրաբուժության ոլորտի ներկայացուցիչների միջև
18.11.2016

Գավառ քաղաքի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին կազմակերպվել էր հանդիպում Գեղարքունիքի մարզից վիրաբուժության ոլորտի մոտ 40 բուժաշխատողների, ,,Արմենիա,, հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժների և Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսների միջև: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր՝ համագործակցության հիմք դնել մարզի և մայրաքաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների միջև և ապահովել փորձի փոխանակում նշված կառույցների վիրաբույժների համար: Անդրանիկ հանդիպման ընթացքում հյուրերը դասախոսությունների և տեսանյութերի միջոցով մարզի վիրաբույժներին ներկայացրին ոլորտի նորամուծություններն ու փոփոխությունները, որոնք շատ կարևոր են և անհրաժեշտ մարզի բուժաշխատողներին՝ զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները և դրանք պրակտիկայում կիրառելու համար: ,,Մենք տեսնում ենք այս համագործակցությունը երկուստեք: Եվ մայրաքաղաքից մարզ ժամանած մասնագետները կարող են նման հանդիպումների ընթացքում մարզի վիրաբույժների հետ քննարկումների միջոցով որոշել ինչ-որ հարց, հիվանդի բուժման հետ կապված և մարզի բժիշկները կարող են հնարավորության դեպքում այցելել մայրաքաղաքի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոններ և քննարկել իրենց հուզող հարցերը, ծանոթանալ բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոնի աշխատանքներին՝ ինչպես մեր կլինիկայում, այնպես էլ տարբեր կլինիկական կենտրոններում, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչ կարող են վերցնել մարզի բուժաշխատողները և ներդնել իրենց աշխատանքներում,,- իր խոսքում նշեց ,,Արմենիա,, հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊՀ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև դասախոսություններ՝ գործիքային և լաբորասկոպիկ վիրահատությունների, լաբորասկոպիայի միջոցով ախտորոշումներ կատարելու և այլ թեմաների վերաբերյալ: ,, Մենք ունեցել ենք հանդիպումներ և պայմանավորվածություններ մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումները լինելու են շարունակական և աշխատում ենք բոլոր ժամանակակից, արդիականացված բժշկական կենտրոնների հետ, որպեսզի վերցնենք բոլոր կենտրոնների փորձը և տեղայնացնենք մարզի համար ,, - նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանը: