Նորություններ
Քննարկվեց Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարությանն ու մեթոդաբանությանն առնչվող հարցեր
08.11.2016

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ տեղակալ Կարեն Իսախանյանը Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման 2017-2022 թվականների ռազմավարական ծրագրի կազմման աշխատանքային խմբի եւ մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարության ու մեթոդաբանության հետ կապված հարցեր: Բացելով հանդիպումը՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում ձեւավորվել է մարզի տարածքային զարգացման հնգամյա ծրագրի կազմման աշխատանքային խումբ, որի անդամներն արդեն մասնակցել են ԵՄ փորձագետների կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին եւ պատրաստ են իրենց փորձը փոխանցել մարզի համայնքներում կազմավորվող աշխատանքային խմբերին՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրերը կազմելու գործընթացներում: ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց ծրագրերի կազմման ռազմավարության ու մեթոդաբանության հիմնական ուղղությունները եւ մոտեցումները: <<Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության պահանջի՝ մենք այսուհետ համայնքների քառամյա զարգացման ծրագրերի փոխարեն ունենալու ենք զարգացման հնգամյա ծրագրեր, որոնց կազմման ընթացքում հարկավոր է շեշտը դնել տնտեսական ակտիվության խթանման, ներդրումային միջավայրի ապահովման վրա: Կառավարությունը բավարար ռեսուրս ունի՝ ձեր ներկայացրած ծրագրերը խրախուսելու եւ կյանքի կոչելու համար, միայն թե դրանք պետք է լինեն հիմնավոր եւ իրատեսական, տնտեսական զարգացումը խթանող:Դուք պետք է հստակ պատկերացում ունենաք, թե ինչպես է զարգանալու ձեր համայնքը առաջիկա 5 տարիների ընթացքում, պետք է փնտրեք տեղական առանձնահատկություններից բխող ձեռնարկները եւ հետեւողականորեն դրանք կյանքի կոչեք: Համայնքային զարգացման ծրագրերը կազմելիս ձեր հիմնական ուղեցույցը պետք է լինի ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած <<Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը>>: Փորձեք գտնել ձեր համայնքներում թաքնված ուժերը եւ հնարավորությունները եւ դրանք օգտագործել արդյունավետ, առաջ քաշեք նորարարական գաղափարներ ու նախաձեռնություններ ամենատարբեր ոլորտներում՝ կարեւորելով նաեւ բարձր տեխնոլոգիաների ուղղությունը>>,-նշեց Վաչե Տերտերյանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւս պարզաբանումներ ու ցուցումներ տվեց աշխատանքային խմբի անդամներին եւ համայնքների ղեկավարներին:<<Հարկավոր է համայնքային զարգացման ծրագրերի կազմման գործընթացում ներգրավել բանիմաց, փորձառու մասնագետների, ծրագրերը կազմել հիմնականում տեղի առանձնահատկությունների եւ հնարավորությունների վրա: Իրատեսական եւ հիմնավոր եմ գնահատում զարգացման ծրագրերի ներդրումը հատկապես գյուղատներսության ոլորտում՝ ջերմոցաշինություն, ոչխարաբուծություն, սպանդանոցի կառուցում, վերամշակող ձեռնարկությունների հիմնում:Մարզի զարգացման մեջ կարեւոր տեղ կունենա Շորժա-Վարդենիս ճանապարհի հիմնանորոգումը, որով Վարդենիսի եւ Ճամբարակի տարածքի համայնքներում կաշխուժանա տնտեսական կյանքը, գործածար միջավայրը: Մեզ տրված է լիարժեք հնարավորություն, որ մենք ներքեւից հանդես բերենք նախաձեռնություն եւ ներկայացնենք մեր ծրագրերը: Մարզպետարանում ձեւավորված աշխատանքային խումբը վաղվանից համագործակցված աշխատելու է համայնքների համապատասխան աշխատանքային խմբերի հետ եւ անելու է հնարավորը, որպեսզի կառավարության կողմից սահմանված ժամկետներում մենք կարողանանք ներկայացնել թե մարզի տարածքային զարգացման, թե համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրերը>>,-հավաստեց մարզպետը: