Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին

29.10.2016

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Բունդեսթագի պատգամավորը Գեղարքունիքի մարզ էր ժամանել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հրավերով: Պաշտոնական ընդունելությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպումն անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ մարզը պատրաստ է Եվրամիության անդամ երկրների, այդ թվում՝ նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ տնտեսական ու մշակութային համագործակցության:<<:Պարոն Վայլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երկրորդ անգամ, մեր բարեկամության հիմքը դրել ենք, իսկ այսօր կխոսենք մեր հետագա անելիքների մասին, որպեսզի կարողանանք ավելի երկարաժամկետ համագործակցության նախագծեր կազմել ու իրականացնել>>,-ասաց մարզպետը:
Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի համար՝ Ալբերտ Վայլերը միաժամանակ կարեւորեց Գեղարքունիքի մարզի հետ տնտեսական եւ մշակութային համագործակցության հաստատումը, հայ-գերմանական կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը:<<Մեզ համար կարեւոր է, որ Հայաստանը համագործակցի Եվրամիության անդամ երկրների հետ, քանի որ նա կարող է կամրջի դեր խաղալ Եվրամիության եւ Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների միջեւ>>,-ասաց Բունդեսթագի պատգամավորը: Ալբերտ Վայլերը խոսեց նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւի ընդունման մասին իր ու իր կուսակիցների խաղացած դերի, նշանակության, հետագա անելիքների շուրջ:<<Մեր կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի եւ դատապարտվի, ու ինձ թեթեւացած եմ զգում, որ, թեկուզ 100 տարի ուշացումով, Գերմանիան պաշտոնապես ճանաչեց այն: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, կարծում եմ, կարող է օրինակ ծառայել ԵՄ անդամ մյուս երկրների եւ այլ պետությունների համար, որպեսզի նրանք էլ ճանաչեն ու դատապարտեն հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը>>,-նշեց Ալբերտ Վայլերը:
Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կարեւորեց հայ-գերմանական հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժն ու փոխադարձ շփումները, հավելելեով, որ 2017 թվականին Հայաստանում ու Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք ընտրություններից հետո Գեղարքունիքի մարզը պատրաստ կլինի գերմանական կողմի հետ հաստատել տնտեսական ու մշակութային համագործակցություն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մակարդակներում:
Հայ-գերմանական հարաբերությունների հաստատման ու ամրապնդման, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւի ընդունման գործում ներդրած ավանդի համար Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով պարգեւատրեց Ալբերտ Վայլերին: Հանդիպման ավարտից հետո Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակության անդամները Ալբերտ Վայլերի գլխավորությամբ եւ Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55