Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական <<Լիոնների միջազգային ակումբ>> կազմակերպությունը կշարունակի բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի Սարուխանի N3 միջնակարգ դպրոցում

20.10.2016

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ֆրանսիական <<Լիոնների միջազգային ակումբ>>-ի նախագահ Սերժ Պոլարը, ում նախաձեռնությամբ ու աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Սերժ Պոլարին ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ինչպես հանդիպման ընթացքում ներկայացրեց Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Եվգենյա Փարսադանյանը, <<Լիոնների միջազգային ակումբ>>-ի նախագահ Սերժ Պոլարը Սարուխանի դպրոցի հետ իր կապերը հաստատել է 2015 թվականին, Ֆրանսիայի Դրագինյան քաղաքում, ուր Հայաստանից ժամանած դպրոցականները մասնակցում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումներին: <<Պարոն Սերժ Պոլարը դեռ ֆրանսիայում մեր խմբի հետ ծանոթություն հաստատեց, որից հետո անձամբ ժամանեց Սարուխան: Տեսնելով դպրոցական շենքի անբարվոք վիճակը՝ նա ցանկություն հայտնեց 4 դասասենյակների հիմնանորոգման համար միջոցներ տրամադրել, ինչը եւ իրականություն դարձավ այս տարվա ընթացքում>>,-ներկայացրեց Եվգենյա Փարսադանյանը: Սերժ Պոլարը, ներկայացնելով իրենց կազմակերպության առաքելությունը Հայաստանում, նշեց, որ իրենց միջոցներով հիմնանորոգման, տեխնիկական կամ գույքային վերազինման ծրագրեր են իրականացվել Երեւանում եւ Մասիսում, Սարուխանի դպրոցում նույնպես կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, իսկ այժմ ցանկանում են շարունակել բարեգործական ծրագրերը: <<Մենք նախատեսում ենք Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի բոլոր 12 դասասենյակներն ապահովել նոր աշակերտական սեղան-նստարաններով, գրատախտակներով ու պահարաններով: Ամենաուշը եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներին գույքը Ֆրանսիայից կհասնի Սարուխանի դպրոց>>,- հավաստեց <<Լիոնների միջազգային ակումբ>>-ի նախագահը: Միաժամանակ Սերժ Պոլարը պատրաստակամություն հայտնեց՝ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ծրագրեր ներկայացնելու դեպքում համապատասխան ներդրումներ կատարել մարզի կրթական եւ առողջապահական հաստատություններում: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով բարեգործական առաքելության համար, հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է համագործակցել ցանկացած կազմակերպության հետ, որն իր ներդրումն է անում Գեղարքունիքի մարզի կրթության եւ առողջապահության ոլորտների զարգացման մեջ: <<Անկախ ներդրումների չափից՝ մենք աջակցում ենք նման ծրագրերին, որոնք ուղղվում են մեր կրթության ու առողջապահության արդիականացմանը: Մենք պատրաստ ենք ամենալայն բարեկամության ու համագործակցության>>,- նշեց մարզպետի տեղակալը: Հանդիպման ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանի ուղեկցությամբ Սերժ Պոլարը եւ ֆրանսիական պատվիրակության անդամները մասնակցեցին Գավառի մշակույթի պալատում կազմակերպված <<Բերք ու բարիքի տոն>> միջոցառմանը, ապա ուղեւորվեցին Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոց՝ հանդիպելով հաստատության մանկավարժների եւ աշակերտների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59