Նորություններ
ՀՀ Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ
19.10.2016

Հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ գյուղնախարարության <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Նախարարն այցը սկսեց Վարդաձոր համայնքից, որտեղ հանդիպեց <<Վարդաձորի արոտօգտագործողների միության>> անդամների հետ: Ինչպես նախարարին ներկայացրին <<Վարդաձորի արոտօգտագործողների միության>> անդամները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող <<Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի>> շրջանակներում համայնքը ստացել է 4 նոր տրակտոր՝ իրենց գյուղգործիքներով, ջրարբիացվել են հարյուրավոր հեկտարի հասնող արոտներ: <<Ներդրված ծրագրի շնորհիվ մեր համայնքում մոտ 10 տոկոսով նկատվել է ինչպես անասնագլխաքանակի, այնպես էլ՝ անասնամթերքի արտադրության աճ, իսկ փոխարենը էականորեն նվազել են գյուղտեխնիկայի ծառայությունների մատուցման գները>>,-ներկայացրեց Վարդաձորի գյուղապետ Ռոբերտ Սիրականյանը: Նախարար Իգնատի Առաքելյանն այցելեց նաեւ ընկերության անասնապահական ֆերմա եւ կարտոֆիլի սերմացուի պահեստ: Ըստ համայնքի ղեկավարի ներկայացման՝ անասնապահական ֆերմայում պահվում է 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: <<Յուրաքանչյուր կովից տարեկան ստանում ենք մինչեւ 4 հազար լիտր կաթ: Բարելավվում է տոհմային կազմը, ապահովվում բարձր կաթնատվություն, օգտագործվում բազմազան կերային մշակաբույսեր եւ սիլոս: Արտադրանքի իրացման խնդիր չունենք:Մեծ քանակության բորձրորակ կարտոֆիլի սերմացու է արտադրվել, որն առայժմ պահեստավորել ենք վաճառքի նպատակով:Կառավարության աջակցությամբ ձեռք բերված նորագույն տեխնիկայի շնորհիվ ժամանակին ու էժան գներով կարողացել ենք կատարել խոտի բերքահավաքը, կուտակել մեծ քանակության անասնակեր>>,-նշեց Ռոբերտ Սիրականյանը:
Վարդենիսի քաղաքապետարանի դահլիճում նախարարը հանդիպեց Վարդենիս քաղաքի եւ տարածքի համայնքների ֆերմերների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը քննարկեցին ֆերմերների կողմից բարձրացված խնդիրը, որը հիմնականում կապված է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով եւ միջնորդ կազմակերպության կողմից մթերվող կարտոֆիլի գների ցածր լինելու հետ: Ֆերմերների ներկայացմամբ՝ իրենց համար մթերվող կարտոֆիլի շահավետ կամ ձեռնտու գինը առնվազն պետք է լինի 60 դրամը, մինչդեռ մթերող կազմակերպությունը այն առաջարկում է 40 դրամով: Ընդ որում, ըստ կարտոֆիլ արտադրող ֆերմերների, ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից մթերման համար նախատեսված կարտոֆիլի քանակությունը կարող է բավարարել ընդհանուր արտադրված բերքի իրացման հազիվ 20 տոկոսը: <<Ձեր կողմից օրեր առաջ բարձրացված հարցը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ, կատարվում է ուսումնասիրություն: Մենք պատրաստ ենք գտնել լուծումները, բայց, անկախ դրանից, դուք պետք է միավորվեք, ստեղծեք hամատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա>>,-նշեց նախարարը: