Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական կազմակերպության միջոցներով հիմնանորոգվում են Վարդենիսի եւ Սեւանի տարածքների որոշ բուժհիմնարկներ

17.10.2016

Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչներ Ժան-Պոլ Մասնադային, Ժան Կլոդ Ռոսսեին եւ նույն կազմակերպության Հայաստանյան  ծրագրերի ներկայացուցիչ Լուսինե Սմբատյանին: Հանդիպման հիմնական թեման <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքներն էին: Ինչպես ներկայացրին  ֆրանսիական կողմի ներկայացուցիչները,  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի  եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության միջոցներով այժմ հիմնանորոգվում է Սեւան քաղաքի Գագարինավանի մանկապարտեզի բուժկետը  եւ Սեւանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի համար կառուցվում սանհանգույց: <<Աշխատանքները սկսվել են այս տարվա հոկտեմբերի 7-ից: Գագարինի մանկապարտեզի բուժկետում, բացի հիմնանորոգումը, կառուցվում է նաեւ սանհանգույց: Այստեղ մեր կողմից ներդրվող գումարը կազմում է 3 միլիոն 100 հազար դրամ: Իսկ Սեւանի ԲԿ մանկական բաժանմունքի սանհանգույցի կառուցման համար հատկացրել ենք 1 միլիոն դրամ>>,- ներկայացրեց Ժան-Պոլ Մասնադան: Վարդենիսի տարածքի համայնքներում կատարված ուսումնասիրությունից հետո  <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպությունը, Գեղարքունիքի մարզպետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, առաջնահերթ է գնահատել Լճավանի բուժկետի, Կարճաղբյուրի եւ Ծովակի բուժամբուլատորիաների հիմնանորոգումը: <<Լճավանի բուժկետում կկատարվեն 3 միլիոն 200 հազար դրամի հիմնանորոգման աշխատանքներ:Կկառուցվի սանհանգույց եւ կեղտաջրերի հավաքման հոր: Այս եւ այլ կարգի աշխատանքներում մեզ աջակցություն խոստացավ նաեւ համայնքի ղեկավարը: Կարճաղբյուրի բուժամբուլատորիայում  նորոգելու ենք շենքի մասնակի հատվածը, որտեղ կատարելու ենք 2 միլիոն 873 հազար դրամի ներդրում: Այստեղ նորոգվող հատվածը ծառայելու է որպես մամոգրաֆիայի սենյակ: Իսկ Ծովակի բուժամբուլատորիայում 1 միլիոն 300 հազար դրամի հաշվին նախատեսում ենք նոր պատուհանների եւ դռների տեղադրում, լաբորատորիայի եւ քարտադարանի սենյակների սալիկապատում: Իր անձնական միջոցներով եւ  բանվորական ուժով մեր ծրագրին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ծովակի բուժամբուլատորիայի տնօրենը: Այս տարվա մեր ծրագրերի մեջ է մտնում նաեւ Վարդենիսի պոլիկլինիկայի  ենթակայությամբ աշխատող բուժքույրերի վերապատրաստման կազմակերպումը: Լճավանում, Կարճաղբյուրում ու Ծովակում շինարարական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից հետո եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Մեր համեստ բյուջեով մենք փորձում ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել: Շինարարական աշխատանքների որակը կվերահսկվի թե մեր, թե Գեղարքունիքի մարզպետարանի կողմից>>,- հավելեց Ժան-Պոլ Մասնադան: Իր հերթին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր ներդրվող լումայի արդյունավետ, նպատակային ծախսումը գտնվում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուշադրության եւ համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո: << Բոլոր կարգի աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին եւ որակով, մենք պետք է շարունակենք առաջ շարժվել հաստատված փոխվստահության պայմաններում, որպեսզի կարողանանք  արդյունավետ ու նպատակային օգտագործել բոլոր ներդրումները:  Ֆրանսիական կողմի ներդրումները, որքան էլ լինեն համեստ, այդուհանդերձ, նպաստում են մեր մարզում առողջապահական համակարգի արդիականացմանը եւ զարգացմանը>>,- շեշտեց  Անդրանիկ Հակոբյանը: Ֆրանսիական կողմի հավաստմամբ՝ Վարդենիսի տարածքի բուժհիմնարկներում եկող տարվա ընթացքում եւս կշարունակվեն հիմնանորոգման ծրագրերը: Սակայն ծրագրերի հասցեականությունը կորոշվի միայն կարիքների  գնահատումից հետո: <<Մենք առաջին հերթին մեր ուսումնասիրությունների արդյունքում պետք է կատարենք կարիքների գնահատում, այն համադրենք մեր ունեցած տարեկան բյուջեի հետ, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր ներդրվող գումար ծախսել արդյունավետ ու նպատակային: Կփորձենք մոտակա տարիների ընթացքում քայլ առ քայլ Վարդենիսի տարածքի համայնքներում լուծում տալ բուժհիմնարկների արդիականացման խնդիրներին>>,- եզրափակեց  ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչ Ժան-Պոլ Մասնադան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28