Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ Օմսկի Նահանգապետ Վիկտոր Նազարովն այցելեց Գեղարքունիքի մարզ

13.10.2016

Պաշտոնական այցով այսօր Գեղարքունիքի մարզ ժամանեց Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Վիկտոր Իվանովիչ Նազարովը: Նրան ուղեկցում էին ՌԴ Օմսկի նահանգապետի առաջին տեղակալ Ռասիմ Գալյամովը եւ Օմսկի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանը: <<Զվարթոց>> օդանավակայանում հյուրերին պաշտոնապես դիմավորեց եւ Գեղարքունիքի մարզ ուղեկցեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Պաշտոնական ընդունելությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը եւ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունեց պատվավոր հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցի համար եւ հույս հայտնեց, որ հոկտեմբերի 14-ին հայ-ռուսական 5-րդ տարածաշրջանային համաժողովի ընթացքում ստորագրվելիք Գեղարքունիքի-Օմսկ համագործակցության հուշագիրը կյանքի կկոչվի համատեղ աշխատանքի արդյունքում: <<Վաղը մենք կստորագրենք համագործակցության հուշագիրը: Ես կարծում եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք էլ ավելի զարգացնել ու խորացնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ առաջիկա 5 տարիների ընթացքում միասին աշխատելով: Ես վստահեցնում եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ, որը կլինի համաձայնագրի ստորագրումից հետո, մենք ավելի կոնկրետ քայլերի մասին կխոսենք>>,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սպասվելլիք համագործակցության մասին իր լավատեսական կարծիքը հայտնեց նաեւ նահանգապետ Վիկտոր Նազարովը: <<Շնորհակալ եմ հյուրընկալության եւ սպասվող համագործակցության համար: Հայաստանը Ռուսաստանի համար Կովկասում ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն, եւ այդ համագործակցության համաձայնագրով մենք փոխադարձաբար կամրապնդենք ու կխորացնենք մեր երկրամասերի տնտեսական ու մշակութային կապերը: Ճիշտ է, մենք տարածությամբ բավական հեռու ենք իրարից, սակայն, ինչպես մեր ժողովուրդների հայտնի առածն է ասում, միասին աշխատելու դեպքում կարող ենք սարեր շուռ տալ>>,- ասաց Օմսկի նահանգապետ Վլադիմիր Նազարովը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՌԴ Օմսկի նահանգում հայկական համայնքի հետ հաստատած կայուն բարեկամության եւ համագործակցության, հասարակական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հայ համայնքի ներկայացուցիչների ներգրավմանը նպաստելու համար Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով պարգեւատրեց Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովին: Իսկ ՌԴ Օմսկի նահանգում հայ համայնքի գործունեության կազմակերպման եւ ղեկավարման, նահանգային իշխանությունների հետ հաստատված համագործակցության մեջ ունեցած ավանդի համար Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի պատվոգրով պարգեւատրեց ՌԴ Օմսկի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանին: Նահանգապետ Վիկտոր Նազարովը հուշանվեր հանձնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Հանդիպման ավարտին Վիկտոր Նազարովը եւ Ռաֆիկ Գրիգորյանը մամուլին ներկայացրին իրենց սպասելիքները կնքվելիք համագործակցության համաձայնագրի շուրջ: <<Ես այս համագործակցության մեջ տեսնում եմ մեծ ներուժ: Ուզում եմ շեշտել,որ Օմսկի նահանգում մենք ունենք 50 հազարանոց հայկական համայնք, որը շատ ամուր համայնք է, որի ներկայացուցիչները զբաղված են մեր տնտեսության ամենադժվարին ոլորտներում՝ արդյունաբերության, շինարարության, այլ կարեւոր ճյուղերում եւ բարձրացնում ու զարգացնում են մեր տնտեսությունը: Իսկ մենք ուզում ենք խորացնել համագործակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ ուղղություններում, որպեսզի մեր երկրների երիտասարդները հստակ իմանան մեր համագործակցության մասին, իմանան, թե եղբայրության ու բարեկամության ինչպիսի ճանապարհ են բացում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները: Մենք հավատում ենք այս համագործակցությանը, կարծում, որ այն շատ անհրաժեշտ է ու կարեւոր: Մենք այստեղ ենք եկել՝ ցույց տալու մեր իրական հնարավորությունները եւ պատասխան այցով սպասելու ենք Գեղարքունիքի մարզի պատվիրակությանը, որպեսզի որոշենք համագործակցության կոնկրետ ուղղությունները>>, -նշեց ՌԴ Օմսկի նահանգապետը:<<Մենք պարոն Նազաորվի հետ մանրակրկիտ քննարկեցինք համաձայնագրի բոլոր կետերը, որոնց ուղղությամբ աշխատել են մեր մասնագետները: Կարծում եմ, որ ստորագրվելիք համաձայնագրով նախատեսված ուղղություններից բացի մենք կաշխատենք նաեւ լրացուցիչ այլ ուղղություններով, իսկ դրանք կդառնան կոնկրետ ծրագրեր: Երկուստեք կկազմենք աշխատանքային խմբեր եւ առաջիկա 5 տարիների ընթացքում ավելի կխորացնենք ու կամրապնդենք մեր կապերը, դրսում աշխատող մեր հայրենակիցներին կներգրավենք մեր մարզի տնտեսության զարգացման մեջ: Առաջիկայում համագործակցության հուշագիր կստորագրեն Գավառի եւ Օմսկի պետական համալսարաններ>>,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման ավարտից հետո ՌԴ Օմսկի նահանգապետը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Գավառի նորակառույց պետթատրոնի շենք, Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ երկրագիտական թանգարան:

Գեղարքունիք-Օմսկ համագործակցության համաձայնագիրը ստորագրվելու է հոկտեմբերի 14-ին, Երեւանում, հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57