Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախնական զինվորական պատրաստության երեք դասասենյակներ անվանակոչվեցին հերոս զինծառայողների անուններով

29.09.2016

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս զինծառայողների անուններով նախնական զինվորական պատրաստության դասասենյակների անվանակոչության արարողությունները: Հիշատակի և ոգեկոչման հերթական միջոցառումները տեղի ունեցան Փոքր Մասրիկ, Գեղամասար և Արեգունի համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ նախնական զինվորական պատրաստության դասասենյակները դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ կրեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ Վրեժ Սարգսյանի, Կորյուն Հարությունյանի և Հարություն Աբրահամյանի անունները: Վերոնշյալ դպրոցներում դասասենյակների անվանակոչություններն ընթացան հանդիսավոր պայմաններում, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ ու աշակերտներ: Հրավիրված էին զոհված հերոսների ծնողներն ու հարազատները: Անվանակոչման միջոցառումները վերածվեցին հայրենասիրության, արիության բաց դասերի, որոնք ներկայացրեցին դպրոցների տարբեր դասարանների աշակերտները: Նախնական զինվորական պատրաստության դսասենյակներում ստեղծված էին հերոսների անկյուններ, որտեղ տեղադրված էին նրանց պարգևները, անձնական իրեր ու լուսանկարներ: Կազմակերպված միջոցառումների ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց ավագ ընկերների, սիրված և հարգված աշակերտների կենսագրական տվյալները, խոսեցին, նրանց կյանքի հերոսական արարքների, ցուցաբերած հաղթական կամքի ու անվեհերության մասին: Դպրոցականները հերոս տղաների լուսանկարների առջև երդվեցին՝ միշտ վառ պահել նրանց հիշատակը, նրանց հերոսական արարքներից դասեր քաղել և հայրենասիրության վեհ գործի արժանի շարունակողը լինել: ՙ Մենք մարզում արդեն 9-րդ դասասենյակն ենք անվանակոչում Ապրիլյան քառօրյայում հայրենիքի պաշտպանական դիրքերում զոհված հայ քաջորդիների անուններով: Դպրոցներում նման դասասենյակների առկայությունը կարևոր նշանակություն ունի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար: Մենք խոնարհվում ենք հայրենիքի համար արյուն թափած հերոս տղաների հիշատակի, նրանց ծնողների և զավակների առջև: Թող մեր երկրում այսուհետ թևածի միայն խաղաղությունը, և ոչ մի սերունդ այլևս չտեսնի պատերազմ ու կորուստ,, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: ,,Հայրենիքի պաշտպանությունը նրա համար ամենաառաջնային տեղում էր, ես միշտ նրան ասում էի, որդիս նախ հայրենիք, ապա ընտանիք: Այդպես էլ վարվեց, առաջնահերթությունը տվեց հայրենիքի պաշտպանության Սուրբ գործին: Աստծով ենք մխիթարվում, մարդկանցով ենք մխիթարվում,ովքեր մեր կողքին են ու մեկ էլ իմ հերոս որդուս երեք զավակներով,որոնք մեզ ստիպում են, որ շարունակենք ապրել,, -իր խոսքում նշեց Հարություն Աբրահամյանի հայրը՝ Արեգունի համայնքի բնակիչ, ազատամարտիկ Հովհաննես Աբրահամյանը: ,,Մի կողմից ցավը մեծ ա, մյուս կողմից հպարտություն եմ ապրում, որ այդպիսի որդի եմ ունեցել: Էսօր մեր բոլորի պարտքն է՝ պաշտպանել մեր հայրենիքը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց շնորհիվ մեր ազգը մի բռունցք դարձավ, ու թշնամին հասկացավ, որ այլևս առաջ գնալու տեղ չունի: Որդիս մի զավակ է թողել, որին պետք է պահենք, մեծացնենք ու դաստրարակենք այն ոգով, ինչպիսին նրա հայրն է եղել,,- նշեց հերոս զինծառայող Վրեժ Սարգսյանի հայր, Փոքր Մասրիկ Գյուղի բնակիչ Վարդան Սարգսյանը: <<Կորյուն Հարությունյանը դեռ փոքր հասակից աչքաբաց էր, ուշիմ, խելացի, շատ էր սիրում մեխամիզմները, եւ Հայոց բանակում շատ արագ տիրապետեց տանկիստի մասնագիտությանը: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում նա իր ծառայակիցների հետ անսանսան կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այս սենյակում դրված են մեր սիրելի Կորյունի զինվորական իրերը, պարգեւները, որոնք մեզ ու գալիք սերունդներին կհիշեցնեն մեր հերոս տղայի մասին>>,-նշեց Գեղամասար գյուղի բնակիչ, Կորյուն Հարությունյանի հորեղբայր Վրեժ Հարությունյանը:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը հերոսաբար կատարելու համար Վրեժ Սարգսյանը, Կորյուն Հարությունյանը և Հարություն Աբրահամյանը հետմահու պարգևատրվել են ,, Մարտական ծառայության համար.. եւ ,, Արիության,, մեդալներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38