Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դուդուկի Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը կայացավ Գավառ քաղաքում

26.09.2016

Գավառ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ՙԻմ Հայաստան՚ խորագիրը կրող Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը: Այն իրականացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի, Սփյուռքի եւ արտերկրի արվեստագետները: Եզրափակիչ համերգի թեման դուդուկն էր, որը, որպես երաժշտական գործիք, արդեն հանրաճանաչ է ողջ աշխարհում: ՙԱսվածի վկայությունը կորեացի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ եւ այլ ազգերի ներկայացուցիչների դուդուկով կատարումներն էին՚- նշեց անվանի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը: Համերգի ընթացքում դուդուկի կատարումներով հանդես եկան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներն ու արցախցիները: Գեղեցիկ կատարումներով ներկաներին ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը եւ հայտնի այլ դուդուկահարներ:ՙՓառատոնը Գավառում անցկացնելն ինքնանպատակ չէր. կազմակերպիչների նախաձեռնությամբ համերգն անցկացվեց Գավառում, քանի որ այստեղ գործում է դուդուկի մասնագիտացված դպրոց, որը իր տեսակով միակն է Հայաստանում: Միաժամանակ հպարտ եմ, որ փառատոնում ելույթ ունեցան իմ անունը կրող դպրոցի սաները եւ միաժամանակ ուրախ, որ Գավառի հասարակությանը կարողացանք ներկայանալ նման հարուստ համերգային ծրագրով՚- հավելեց Գեւորգ Դաբաղյանը: Փառատոնի փակման համերգին, բացի դուդուկի կատարումները, հանդիսատեսին ողջունեցին նաեւ ժողովրդական երգի եւ այլ նվագարանների ճանաչված կատարողներ: Նրանց ողջ համերգի ընթացքում նվագակցեց եւ առանձին կատարումներով հանդես եկավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Համերգի ավարտին ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը շնորհավորեց փառատոնի մասնակիցներին՝ կայացած համերգի համար եւ նրանց շնորհեց մասնակցության վկայականներ ու մեդալներ:Դուդուկի տարածման մեջ ունեցած ավանդի համար անվանի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ պարգեւատրվել է Գեղարքունիքի մարզպետի ոսկե հուշամեդալով, որը հանդիսավորությամբ հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:00:19