Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին

21.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը, որին հրավիրված էին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների և պետական հիմնարկների ներկայացուցիչներ, կայացավ Գավառի մշակույթի պալատում: Հանդիսավոր նիստում Հայաստանի Հանրապետության Անկախության 25 տարիների ձեռքբերումների եւ նշանակության, կերտած արժեքների մասին իր ելույթում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,,Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման ու կայացման առաջին իսկ պահից հանդիսացավ հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը, համայն հայությանը իր շուրջը համախմբող բացառիկ ուժը:Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր հանդիսացող Հայոց բանակը ծնվեց ու հասակ առավ Արցախյան գոյամարտում, տարավ անշրջելի հաղթանակներ եւ հիմա էլ շարունակում է թշնամուն խաղաղություն պարտադրել: Նրա հզոր ուժը դրսեւորվեց նաեւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում, երբ թշնամու բանակը հերթական անգամ փորձեց դավադիր հարձակմամբ տիրանալ Արցախին, սակայն կրեց հերթական ծանր պարտությունը: Հայաստանի Հանրապետությունն Անկախության հռչակման օրից հստակ քայլերով ընտրել է ժողովրդավարական պետության կերտման ուղին, որտեղ օրենքով պաշտպանված են մարդու սահմանադրական իրավունքները, ազատ կամքի արտահայտման միջոցներն ու հնարավորությունները : Հայաստանի Հանրապետությունը դարձել է համայն հայության միակ հայրենիքը, որի ջանքերն ուղղված են հայ ազգի պահպանմանն ու զարգացմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, բաժան-բաժան եղած ու անջատված հայկական տարածքների միավորմանը, ազգային եւ համամարդկային արժեքների վերակերտմանը: Հայաստանի Երրորդ Հանրապետության կերտման եւ զարգացման մեջ իր ուրույն տեղն ունի Գեղարքունիքի մարզը: Արցախյան գոյամարտին եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտանությանը մեր մարզից մասնակցել են 1026 ազատամարտիկներ, որոնցից 326-ն անմահացան փառքի ճամփաներում՝ իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Նրանց անմահության երթին միացան նաեւ 1994 թվականի մայիսյան հրադադարից ի վեր եւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում ընկած տասնյակ քաջ հայորդիներ, որոնց անունները հավերժ կմնան հայ սերունդների հիշողության մեջ: Ապրիլյան հերոսամարտերի ընթացքում եւս մեր մարզի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորներ աչքի ընկան իրենց խիզախությամբ ու նվիրվածությամբ:
Անկախության տարիներին մարզում պետական միջոցներով եւ այլ կառույցների կողմից իրականացվել են սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության որոշակի ծրագրեր, զգալի ձեռքբերումներ են արձանագրվել մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Սակայն առավել զգալի պետական ներդրումներ ու լայնածավալ շինարարական աշխատանքներ մարզի առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, բնապահպանության եւ այլ ոլորտներում կատարվել են վերջին 10 տարիների ընթացքում: Հայաստանի Անկախության անցած 25 տարիների ընթացքում հայ մարդը երբեք չի դադարել իր հայրենիքի ազատությունը պաշտպանելու, իր երկիրը շենացնելու եւ ավելի բարեկեցիկ դարձնելու ձգտումից: Իսկ Ապրիլյան հերոսամարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան է մեր ժողովուրդը, մանավավանդ նույն Անկախության տարիներին ծնված ու հասակ առած սերունդը, անձնազոհ կերպով կանգնած մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում: Անկախության 25 տարիները վաղուց դարձել են այն հիմնաքարերը, որոնց վրա մենք պետք է վեր բարձրացնենք շատ ավելի հզոր, կենսունակ, ապահով ու բարեկեցիկ Հայաստանը՝ համայն հայության միակ ու հավերժական հայրենիքը: Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին, մաղթում բոլորին խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաղթանակներ՚,-նշեց Գեղարքոնիքի մարզպետը:
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը եւս իր ելույթում կարեւորեց Հայաստանի Անկախության տարիների նվաճումներն ու ձեռքբերումները, պետականաշինության ուղին: ՙԴժվարին ու բարդ էր պետականաշինության ուղին՝ լի բազմաթիվ փորձություններով, հիասթափություններով ու կորուստներով, բայց նաեւ՝ հաստատուն ձեռքբերումներով: Հայաստանի Հանրապետությունը փուլ առ փուլ հաղթահարեց երկրաշարժի, տնտեսական շրջափակման, պատերազմի ծանր հետեւանքները, ստեղծեց օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմիններ: Սասունցի Դավթի պես հասակ առավ Հայոց հաղթական բանակը, որն ապահովեց մեր անվտանգությունն ու խաղաղությունը: Այդ անկախության սերունդն է, որ համաշխարհային մտքի եւ բազկի ճակատամարտերում կարողանում է Հայաստանին մեդալներ ու նվաճումներ բերել, աշխարհի բեմերում հնչեցնել տալ Հայաստանի Հանրապետության Օրհներգը: Անկախության տարիներին հասակ առած սերունդն էր, որ իրենց հերոս հայրերի պես շռնդալից դաս տվեց թշնամուն: Գավառի պետական համալսարանը եւս այդ Անկախության ծնունդն է, որն իր պատմության 23 տարիների ընթացքում հազարավոր մասնագետ շրջանավարտների է կյանք ճանապարհել՚,-նշեց Ռուզաննա Հակոբյանը: Ազատամարտիկ, Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում կամավոր առաջնագիծ մեկնած Հովհաննես Միրիբյանն իր ելույթում փառաբանեց հայ ժողովրդի անցած հերոսական ուղին եւ մաքառումներով ու նվաճումներով լի ներկան:ՙՍկսած Հայկ Նահապետից՝ չկա մի հայ սերունդ, որ արյուն հեղած չլինի հայրենիքի ինքնապաշտպանության համար: Փառք Աստծո, որ այսօր Հայկյան նետ-աղեղը մեր սահմաններում փոխարինվել է ամենաարդիական զենքերով, որն էլ զսպում է թշնամուն: Հայաստանի Անկախության տոնի առթիվ ես ուզում եմ ողջունել մեր ուսուցիչներին, ովքեր միտք ու ազգային ոգի են տալիս սերունդներին, ես ուզում եմ ողջունել որդեկորույս մայրերին, որոնց զավակներն իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հողը:Փառք Արարչին, փառք Հայոց Աստվածատուր ոգուն՚-իր ելույթում շեշտեց Հովհաննես Միրիբյանը:
Այնուհետ կրկին բեմ հրավիրվեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ պետական պարգեւներ հանձնեց իրենց աշխատանքում աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՙՄովսես Խորենացի՚ մեդալով պարգեւատրվեցին Մարտունու ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Զոյա Խլղաթյանը, Սեւանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Թամարա Պողոսյանը, ՙԵրախտագիտություն՚ մեդալով՝ Գավառի Մանկատան դաստիարակչուհի Արմինե Խանդանյանը, Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, ՙԳեղամա աշխարհ՚ թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժ, Գավառ քաղաքի Հիմնի եւ ՙՀոգուս երկունքը՚ գրքի հեղինակ Կարինե Ղարաբաղցյանը, գրող, բանաստեղծական 4 ժողովածուների հեղինակ Վարդգես Սեւոյանը: Հանդիսավոր նիստը եզրափակվեց տոնական համերգով: Իսկ երեկոյան, մարզկենտրոնում և մարզի բոլոր քաղաքային համայնքներում տրվեց տոնական հրավառություն: Նույն բովանդակությամբ միջոցառումներ անցկացվեցին նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38