Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

19.09.2016

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, քննարկվեց օրակարգային 4 հարց:Մարզխորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եւ Գեղարքունիքի մարզի իրավապահ մարմինների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ արդեն կազմակերպվել են մարզի հանրակրթական դպրոցներում՝ շարադրությունների մրցույթի, բաց դասերի, մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսների, ռազմամարզական խաղերի անցկացման տեսքով, իսկ Գավառի երկրագիտական թանգարանում բացվել է ՙՀայաստանը լուսանկարներում՚ խորագիրը կրող ցուցահանդեսը: Զեկուցողը ներկայացրեց նաեւ սեպտեմբերի 21-ին մարզկենտրոնում ու քաղաքային մյուս համայնքներում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բնույթն ու ժամանակացույցը, համաձայն որոնց՝ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ կդրվեն Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Գեղարքունիքի Առաջնորդանիստ եկեղեցում կկատարվի մաղթանքի արարողություն, Գավառի մշակույթի պալատում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Քաղաքի կենտրոնական հրապարակում կանցկացվի տոնական քայլերթ, մանկական ստեղծագործությունների ցուցահանդես, համերգային ծրագիր եւ երեկոյան կտրվի հրավառություն: ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով տեղերում կազմակերպելու համար զեկուցողը համայնքի ղեկավարներին առաջարկեց՝ տոնական օրը սկսել Արցախյան հերոսամարտի հիշատակը հավերժացնող հուշարձաններ այցելությամբ ու ծաղեդրումով, միջոցառումներին մասնակից դարձնել Արցախյան ազատամարտի վետերաններին, հատուկ հոգածությամբ շրջապատել Արցախի ազատագրության մարտերում զոհված հերոսների եւ մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորների ընտանիքներին, մեծարել եւ խրախուսել Հայաստանի Անկախության նվաճման գործում զգալի ավանդ ունեցած մարդկանց, միջոցառումները դարձնել հայրենասիրության բաց դասեր՝ դրանք ավարտելով տոնական հրավառությամբ:
Գեղարքունիքի մարզի համայքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Զեկուցողի ներկայացմամբ՝ 2016 թվականի առաջին ութ ամիսների դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 73 տոկոս:ՙՆախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6,4 տոկոս նվազում, կամ պակաս է հավաքագրվել 2 միլիոն 240 հազար դրամ:Միջինից բարձր ցուցանիշներ հավաքագրել են Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի, միջինից ցածր՝ Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջանները: Իսկ Ձորագյուղը եւ Երանոսը հավաքագրման ցուցանիշներն այս պահին կատարել ու գերակատարել են անգամ տարվա կտրվածքով: Իսկ ահա առանձին համայնքներ ոչ միայն չեն ապահովել իրենց պարտադիր լիազորությունների կատարումը, այլ նաեւ իրենց անգործության պատճառով բացասաբար են ազդել մարզի միջին ցուցանիշների ապահովման վրա՚,-ներկայացրեց Յուրա Մուշեղյանը:
Գեղարքունիքի մարզում ընթացող բերքահավաքի նախնական արդյունքների եւ աշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Զեկուցողի ներկայացմամբ՝ հացահատիկի բերքահավաքը մարզում արդեն ավարտվել է, ինչի արդյունքում հնձվել է 42352 տոննա հացահատիկ:Աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 32,7, գարու արտերին՝ 29,5 ցենտներ: Նախնական տվյալներով՝ մարզում այս տարի արտադրվել է 138 հազար 344 տոննա հացահատիկ, կուտակվել 507 հազար տոննա խոտ եւ 3350 տոննա ծղոտ: Մեկնարկել են նաեւ կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները, որտեղ մեկ հեկտարից ստացվում է 245-250 ցենտներ բերք:ՙԿառավարության կողմից շարունակվելու են աջակցության ծրագրերը պարարտանյութերի, սերմացուների եւ դիզվառելիքի հատկացման տեսքով: Այս տարի ստացվել է աննախադեպ բարձր բերք բոլոր ուղղություններում՚-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:
Գեղարքունիքի մարզում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Զեկուցողի ներկայացմամբ՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին մարզի 64 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ, որից 53-ում՝ համայնքի ղեկավարի, 49-ում՝ ավագանու ընտրություններ:ՙԿԸՀ կողմից սահմանված միջոցառումների կատարման համար գործառույթներ են իրականացնելու ինչպես Գեղարքունիքի մարզպետարանը, այնպես էլ՝ համայնքապետարանները:Այսօրվա դրությամբ ձեւավորված են բոլոր ընտրատեղամասերը, տեղամասային ընտրական հանձնաժողովները, ամեն ինչ ընթանում է օրենքի տառին համապատասխան: Ընտրությունները կկայանան բոլոր համայնքներում, քանի որ թե՜ համայնքի ղեկավարի, թե՜ ավագանու ընտրությունների համար գրանցված թեկնածուներն առկա են՚,-ներկայացրեց Ալբերտ Աղեկյանը: Հանդես գալով հայտարարությամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը համայնքի ղեկավարներին առաջարկեց սեղմ ժամկետներում ներկայացնել հանրակրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը, որպեսզի նման դեպքերում մազպետարանը ժամանակին կարողանա ձեռնարկել համապատասխան միջոցներ: Մարզխորհրդի նիստում ամփոփիչ ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:ՙԱռաջարկում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացնել սահմանված կարգով եւ ժամանակացույցով՝ ապահովելով հասարակության լայն շրջանների մասնակցությունը եւ հարուստ բովանդակությունը, տոնական տեսքը:Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հարկավոր է բարելավել սեղմ ժամկետներում: Կարծում եմ, որ ՏԻՄ ընտրությունների եւ բերքահավաքի ավարտից հետո կկարողանանք բարձրացնել ցուցանիշները:Մեր կողմից գործընթացը գտնվելու է մշտական հսկողության եւ ուշադրության ներքո եւ կարվի հնարավորը, որպեսզի մինչեւ տարեվերջ սեփական եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով: Կառավարության կողմից շարունակվում են աջակցության ծրագրերը գյուղացիական տնտեսություններին: Կարվի նաեւ հնարավորը, որպեսզի գյուղացիները բերքն իրացնելիս չունենան խնդիրներ:Առաջիկա ՏԻՄ ընտրություններում մեր հիմնական խնդիրն է լինելու՝ դրանք կազմակերպել օրենքին համապատասխան՝ բացառելով որեւէ խախտում կամ բացթողում՚,-շեշտեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38