Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություններ անցկացրեց Մարտունու քաղաքապետարանում եւ Լիճքի ԱԱՊԿ-ում
16.09.2016
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու տարածաշրջան: Մարզպետի այցի առաջին կանգառը Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում էր, որտեղ նա հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ծանոթացավ բուժսպասարկման ընդհանուր վիճակին: Մարզպետը բուժանձնակազմի հետ քննարկեց աշխատանքային առօրյա հարցեր, լսեց բուժհաստատությունում առկա հիմնախնդիրները եւ հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետին՝ սահմանված ժամկետներում աշխատանքներ տանել առաջացած հիմնախնդիրների կարգավորման համար: Մարզպետը միաժամանակ հորդորեց ԱԱՊԿ բուժանձնակազմին՝ ցուցաբերել ավելի շատ հոգատարություն քաղաքացիների եւ առավել մեծ պատասխանատվություն՝ աշխատանքի նկատմամբ: Մարտունու քաղաքապետարանում Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածքի համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցության օրակարգում քննության առնվեցին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերը: <<Դպրոցներում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն, ըստ մեր կողմից հաստատված ծրագրի, անցկացվում են սեպտեմբերի 20-ին, իսկ Անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, մանկավարժներն ու բարձր դասարանների աշակերտները միանում են Մարտունի քաղաքում կազմակերպվող տոնական միջոցառումներին: Տեղի են ունենալու հոգեւոր, պաշտոնական, մշակութային միջոցառումներ, որոնք ավարտվելու են գիշերային հրավառությամբ: Կոչ եմ անում՝ միջոցառումներին մասնակցություն ցուցաբերել ակտիվորեն, դրանք դարձնել բազմամարդ ու բովանդակալից, հավուր պատշաճի ներկայացնել Հայաստանի Անկախության տարիների ձեռքբերումները, Անկախության դերն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում>>,-հրահանգեց մարզպետը: