Նորություններ
Գեղարքունիքի մարզի պաշտոնական ու հոգեւոր այրերը վերջին հրաժեշտը տվեցին զոհված զինծառայող Արման Ղանդիլյանին
10.09.2016
Մարտական դիրքում զոհված Հայոց բանակի զինծառայող Արման Ղանդիլյանի ընտանիքին այցելեցին եւ իրենց ցավակցությունները հայտնեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի ողջ աշխատակազմը, զինվորական և ուժային կառույցների ներկայացուցիչներ: Հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: ՙՄարիամ Աստվածածինն էլ տեսավ իր որդու չարչարանքները, բայց տոկունությամբ տարավ, գիտակցելով, որ իր զավակը զոհաբերվում է հանուն մարդափրկության: Եկեք չմոռանանք, որ մարդու ապրած կյանքը չի չափվում միայն այս հողի վրա ապրած ժամանակով, այլ՝ կատարված գործերով: Մենք կորցրել ենք Հայոց բանակի զինվորին, ով մասնակցել է հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը, ծառայության ընթացքում աչքի ընկել պարտաճանաչությամբ: Կգա ժամանակ, երբ, ինչպես Հայոց ցեղասպանության բոլոր զոհերը, կսրբադասվեն Մայր հայրենիքի համար զոհված մեր բոլոր զինվորները, նաեւ՝ ձեր ու մեր սիրելի Արմանը՚,- զոհված զինծառայողի ծնողներին ու հարազատներին սփոփանքի խոսքով դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: Արման Ղանդիլյանի աճյունը հողին հանձնվեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի գերեզմանոցում, զինվորական կարգով, բազմահազարանոց թափորի ուղեկցությամբ: