Նորություններ
Դասասենյակ և փողոց անվանակոչվեց Արամայիս Ոսկանյանի անունով
09.09.2016
Գավառ քաղաքի N 5 հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն անվանակոչեց նույն դպրոցի սան, հայրենիքի սահմանների պաշտպանության համար իր կյանքը նվիրաբերած ժամկետային զինծառայող Արամայիս Ոսկանյանի անունով: Անվանակոչման արարողությանը մասնակցում էին հերոսի ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, հոգևոր այրեր, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ,հյուրեր այլ անձինք: Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ վերանորոգված նախնական զինվորական պատրաստության դասասենյակում հատուկ խնամքով կահավորված էր Արամայիսի հիշատակը հավերժացնող անկյունը: Նրա հերոսական արարքների մասին պատմող նյութերն ու լուսանկարներն իրենց բովանդակությամբ ռազմահայրենասիրական դաստիարակության կենդանի օրինակ կհանդիսանան դասասենյակ մուտք գործող յուրաքանչյուր սանի համար: Անվանակոչված դասասենյակի բացման արարողության առթիվ Գավառի N 5 հիմնական դպրոցի սաների ուժերով կազմակերպվեց արիության դաս: Հնչեցին հիշատակի և ոգեկոչման խոսքեր, ցուցադրվեց Արամայիսի 20-ամյա կենսագրության հիշարժան դրվագներից: Դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին հերոսի լուսանկարի առջև՝ երդվելով իրենց ավագ դասընկերոջ պես պայքարել թշնամու դեմ և նրա պես պաշտպան կանգնել հայրենի երկրի սահմանների ամրությանը: ,,Այսօր մենք հավաքվել ենք մի շատ կարևոր արարողության առիթով: Այս կրթօջախում մենք դասասենյակ ենք անվանակոչում մի երիտասարդի անունով, ով իր կյանքը չխնայեց հայրենքի համար: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր քաղաքացի այսօր ապրում է մեր Արամայիսների վառ օրինակով: Այս դասասենյակը խթան կհանդիսանա մեր աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Մենք հպարտության զգացողությամբ ենք լցվում, որ սիրելի Արամայիսը իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի անդորրն ու խաղաղությունը պահպանելու համար: Հարգելի ծնողներ, պետք չէ ընկճվել, դուք պետք է ավելի հզորանաք ձեր մնացած զավակներով, այս դպրոցականներով, ովքեր իրենց սրտերում են կրում հերոս Արամայիսի սխրանքը,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հերոսին ուղղված հիշատակի և մեծարման խոսքեր ասացին նաև N 5 հիմնական դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանյանը, ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը, հոգևորականներ և այլոք: Գավառի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ հայրենիքի պաշտպան Արամայիս Ոսկանյանի անունով կոչվեց նաև իրենց բնակարան տանող փողոցը, իսկ այն բազմաբնակարան շենքի պատին , որտեղ հերոսն ապրել է իր ծնողների և հարազատների հետ, հավերժացավ հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած Արամայիս Ոսկանյանի անունը կրող հուշատախտակը:












