Նորություններ
Կուտականում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարի հոտի վրա
07.09.2016
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում սեպտեմբերի 5-ի երեկոյան, ժամը 7.30-ի սահմաններում, գայլերի ոհմակը հարձակվել է հանդից գյուղ վերադարձող ոչխարի հոտի վրա՝ իրականացնելով մեծ ծավալի սպանդ: 12 տնտեսություններին պատկանող 277 գլուխ ոչխարը հանդից տուն բերող հովիվ, 1964 թվականին ծնված Սեյրան Նազարյանը նկատել է մոտ 10 գայլի, որոնք դարանել են ճանապարհին եւ հարձակվել հոտի վրա գյուղի մերձակայքում:ՙՈհմակը հոտը երկու մասի է բաժանել եւ տեսել իր սեւ գործը: 277 գլխից հաջողվել է գյուղ բերել 150 ոչխար եւ գառ: Մնացած 90 գլուխ ոչխարների որոնումները՝ սեպտեմբերի 6-ի հետկեսօրվա դրությամբ արդյունք չեն տվել: Դիմել ենք Գեղարքունիքի մարզպետարանի եւ փրկարարների օգնությանը, հաշվում ենք տնտեսություններին հասցված վնասների հնարավոր չափերը՚-ներկայացրեց Կուտականի գյուղապետը: Սեպտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ, չնայած տևական որոնումներին, կորած ոչխարները դարձյալ չեն հայտնաբերվել: