Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցների նախնական զինվորական պատրաստության դասասենյակներն այսուհետ կկրեն հերոս զինծառայողների անունները

05.09.2016

Գեղարքունիքի մարզի Գանձակի N 1 , Երանոսի N 2, Վերին Գետաշենի N 2, Զոլաքարի N 1 եւ 2 միջնակարգ դպրոցների նախնական զինվորական պատրաստության դասասենյակները դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ այսուհետ կրելու են 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված հերոս քաջորդիներ Արմեն Մարտիրոսյանի, Նորիկ Սարգսյանի, Իգոր Հակոբյանի, Դավիթ Հայրապետյանի եւ Գագիկ Մելքոնյանի անունները: Վերոնշյալ դպրոցներում դասասենյակների անվանակոչություններն ընթացան հանդիսավոր պայմաններում, հիշատակի ու ոգեկոչման արարողություններով, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, տարածքային զինկոմիսարիատների եւ ոստիկանության աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ ու աշակերտներ: Հրավիրված էին զոհված հերոսների ծնողներն ու հարազատները: Անվանակոչման միջոցառումները վերածվեցին արիության բաց դասերի, որոնք ներկայացրեցին դպրոցների բարձր դասարանների աշակերտները:
Գանձակի N 1 միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառման ընթացքում աշակերտները խոսեցին իրենց դպրոցի սիրված և հարգված աշակերտի՝ Արմեն Մարտիրոսյանի կյանքի բովանդակալից ուղու և սխրալի ավարտի մասին , մի քանի րոպեների ընթացքում ամբողջովին ներկայացնելով Ապրիլյան հերոսամարտերում հայ զինվորների ցուցաբերած հաղթական կամքն ու անվեհերությունը: Աշակերտները ներկաների եւ հերոսի լուսանկարի առաջ երդվեցին՝ միշտ վառ պահել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը՝ հանուն Հայաստանի հարատեւության եւ խաղաղության:ՙ Ապրիլյան մարտերին մեր թշնամին պատրաստվել էր 10 եւ ավելի տարիների ընթացքում: Սակայն նա մոռացել էր, որ մեր ազգը ծնել ու ծնում է հերոս զավակներ, ովքեր իրենց արիությամբ ի չիք դարձրին թշնամու բոլոր ծրագրերը: Մենք էլ ձեր կողքին ցավում ենք ու հպարտանում:Դուք, իրոք, հերոս զավակ եք ծնել, ում անունն արդեն գրվել է պատմության մեջ: Ձեր որդու սխրանքը ողջ ազգն է գնահատում, իսկ այս դասասենյակում դեռ կկրթվեն շատ սերունդներ, որոնց շուրթերին միշտ կհնչի Արմենի անունը՚-հերոսի ծնողներին ու ներկաներին երախտագիտության խոսքով դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:ՙԹերեւս ամեն երեխա թանկ է իր ծնողի համար, ամենասիրելին, սակայն այս դեպքում Արմենս արդեն ամենասիրելին է դարձել ազգի համար:Եվ այժմ խոսքերով չէ, որ արտահայտվում է այդ մեծարանքը: Դա մեզ սփոփում է, ստիպում, որ կարողանանք հաղթահարել ցավը: Սփոփվում ենք նաեւ նրանով, որ հայ ազգն այսքան միասնական է, համախմբված, որ մեր զավակի պայքարն իզուր չի անցել: Արմենը բացառիկ աշխատասեր էր, արվեստասեր, հայրենասեր: Նա մեր տան չորրորդ երեխան էր եւ միակ արու ժառանգը: Անսահման վշտի հետ զգում եմ հպարտություն՚-իր խոսքը հնչեցրեց հերոսի հայր Հրայր Մարտիրոսյանը:
Երանոսի N2 միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակի մուտքի մոտ դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց դպրոցի օրինակելի սան՝ Նորիկ Սարգսյանի անցած դպրոցական ու զինվորական ուղին՝ մեծարելով իրենց կողքին հասակ առած ու հերոսացած ընկերոջը, եւ երդվեցին՝ վառ պահել նրա սուրբ անունն ու գործը: ՙԵս համոզված եմ, Ապրիլյան հերոսամարտերից հետո մեր աշակերտները, պատանիներն ու երիտասարդները հոգեբանորեն փոխվել են, դարձել ավելի հայրենասեր ու հպարտ: Իսկ դա եղել է Նորիկի ու նրա հերոս ընկերների կամքի ու արիության շնորհիվ: Եվ այսուհետ ներկա ու ապագա բոլոր սերունդները կանցնեն այս դասասենյակով, կլցվեն հայրենասիրությամբ: Ճիշտ է, պահը շատ տխուր է, բայց մենք եկել ենք հպարտանալու համար: Մեր պատերազմը դեռ ավարտված չի, բայց ես համոզված եմ, որ այն մի օր կավարտվի, երբ թշնամին այլեւս չի համարձակվի խախտել մեր անդորրը: Իսկ այդ օրը կգա ձեր հայրենասիրության ու կամքի շնորհիվ՚,-ներկաներին դիմեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙԵս երբեք չեմ ընկճվել, հիմա էլ այդ ծանր ցավի հետ փորձում եմ ամուր մնալ: Ժամանակին ես կամավոր զենքը ձեռքիս մարտնչել եմ Արցախի ազատագրման համար, հիմա էլ պատրաստ եմ պայքարել մայր հողի պաշտպանության համար: Եթե ամեն մեկս մտածենք երկիրը լքելու մասին, ապա ո՞վ պետք է պաշտպանի մեր հայրենիքը՚,-իր խոսքում նշեց հերոսի հայր Զավեն Սարգսյանը: Երանոսի N2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Պաշտպանության նախարարի անունից ՙՄարշալ Բաղրամյան՚ մեդալով պարգեւատրեց զինվորական ծառայությունը վերջերս պատվով ավարտած, Երանոս գյուղի բնակիչ Սարգիս Մանուկյանին:
Վերին Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցում նույն հանդիսավոր պայմաններում ու ոգեկոչման արարողություններով անվանակոչվեց Ապրիլյան քառօրյայում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար զոհված քաջորդի Իգոր Հակոբյանի, իսկ Զոլաքարի N 1 եւ 2 միջնակարգ դպրոցների նախնական զինվորական պատրաստության դասասենյակները կրեցին իրենց դպրոցների սաներ, հերոսի մահով ընկած Դավիթ Հայրապետյանի և Գագիկ Մելքոնյանի անմահ անունները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանի հավաստմամբ՝ առաջիկայում մերօրյա հերոսների անուններով նախնական զինվորական պատրաստության դասասենյակներ կանվանակոչվեն նաև Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ, Գեղամասար եւ Արեգունի համայնքների դպրոցներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06