Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց Նոր ուսումնական տարին

01.09.2016

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին առաջին զանգը հնչել է մոտ 1470 դասարաններում: Այս տարի մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 27 հազար 600 աշակերտ, որոնցից 3200-ը կլինեն առաջին դասարանցիներ: Նախորդ տարվա համեմատ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվն աճել է 300 աշակերտով, ինչի արդյունքում առաջին դասարանների թիվն ավելացել է 10-ով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Մարտունու տարածաշրջան էր այցելեր ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ եղավ Երանոսի համար 1, 2 միջնակարգ դպրոցներում: Նախարարը եւ մարզպետը Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գիտելիքի օրվա եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեցին դպրոցի աշակերտներին, մանկավարժներին եւ ծնողներին:ՙՄեր պետությունն առանձնակի ուշադրություն է դարձնում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության խնդիրներին, անում հնարավորը, որպեսզի կրթության ու դաստիարակության համար ստեղծվեն ամենաժամանակակից պայմանները: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ առանձնակի ուզում եմ շնորհավորել այն աշակերտներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմից ներս: Միաժամանակ ավարտական դասարանների աշակերտներին հաջողություններ եմ մաղթում իրենց երազանքների իրականացման ճանապարհին՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ապա շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:ՙՈւրախալի է, որ Երանոսն ունի բազմամարդ տնտեսություններ, 600-ից ավելի աշակերտ, կրթության նկատմամբ նման սեր ու նվիրում: Մենք կարող ենք մեզ թույլ տալ թերացում կենսական ամենատարբեր ոլորտներում, սակայն ոչ մի դեպքում չենք կարող նման բան թույլ տալ կրթության ոլորտում, ուր ցանկացած թերացում ուղղելու համար հարկավոր կլինեն տասնամյակներ: Մերօրյա աշխարհը զարգանում է արագ տեմպերով, եւ կրթությունն այն միակ ճանապարհն է, որով մենք կկարողանանք համընթաց քայլել ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի կողքին՚-նշեց նախարարը: 34 առաջին դասարանցիներին դպրոցի շեմից ներս ուղեկցեցին տասներկուերորդ դասարանցիները, որից հետո հնչեց առաջին զանգը, եւ սկսվեց առաջին դասը: Նախարարը Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցին նվիրեց համակարգիչներ: Նախարար Դավիթ Լոքյանը եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գիտելիքի օրվան եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցեցին նաեւ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Իրենց շնորհավորանքի խոսքերում պետական բարձրաստիճան պաշտոնյաները հավաստեցին, որ շուտով, համաձայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի, Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցն ունենալու է նորակառույց, արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք:ՙՆորակառույց շենքի շինարարության մեկնարկը կտրվի եկող տարում: Երջանիկ կլինեն հատկապես ցածր դասարանների աշակերտները, որոնց բախտ կվիճակվի ուսումը շարունակել ամենաբարվոք պայմաններ ունեցող դպրոցներում՚-հավաստեց նախարարը: Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում ևս անցկացվեց տոնական միջոցառում: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցեց նաեւ Ձորագյուղի ավագ եւ հիմնական դպրոցներում: Նոր ուսումնական տարին մեկնարկեց նաև մարզում գործող 51 նախակրթարաններում, որտեղ ևս տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներ են գործուղվել մարզպետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39