Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ դպրոցի տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում ներկա գտնվեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Բացելով հանդիպումը՝ մարզպետը նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ շնորհավորեց խորհրդակցության մասնակիցներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը հանդես եկավ մարզի դպրոցներում 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների և 2016-2017 ուսումնական տարվա խնդիրների մասին հաշվետվությամբ: Տես http://gegharkunik.mtad.am/files/docs/21425.pdf էջում: ,,Վարչությունն իր աշխատանքները կազմակերպել է՝ համագործակցելով մարզպետարանի ու ՀՀ ԿԳՆ կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների, համայնքների ղեկավարների, հումանիտար և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Թեև մշտապես եղել է հետևողականություն աշխատանքների կազմակերպման և առաջընթացի գրանցման ուղղությամբ,այնուամենայնիվ, կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը,,-իր խոսքում նշեց վարչության պետ Գարիկ Բադալյանը՝ թվարկելով այդ անհրաժեշտությունները: Ըստ վարչության պետի՝ առավել կարեւոր են դպրոցները լաբորատոր սարքավորումներով ու նյութերով, ջեռուցման լոկալ համակարգով ապահովելը, համակարգչային ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով, աշակերտական սեղան-նստարաններով և ուսուցչական-աթոռներով, սպորտային գույքով համալրումը, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցչի թափուր տեղերը զբաղեցնելու համար մասնագետների պահանջի բավարարումը, վթարային վիճակում գտնվող 3 դպրոցական շենքերի հիմնանորոգումը և, առհասարակ, դպրոցական շենքերի վերանորոգումը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման անհրաժեշտությունը, խորհուրդների անդամների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ՀՀ ԿԳ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում բուհեր դիմած շրջանավարտների մոտ խիստ նվազել է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, ինչը չափազանց մտահոգող խնդիր է:ՙՎերջին տարիներին մեզ մոտ նկատվում է բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության նվազում, ինչը պետք է հնարավորինս արագ շտկել մեր համատեղ ջանքերով: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Գավառի պետական համալսարանը ձեռք է բերել բնական գիտությունների ուսուցման գերժամանակակից լաբորատորիա, որտեղ կարող են, մեզ հետ համագործակցությամբ, դասեր անցկացնել նաեւ մեր մարզի հանրակարթական դպրոցների աշակերտները, ոչ միայն ստանալ կայուն գիտելիքներ, այլ նաեւ ապագա մասնագիտություն ընտրելիս կողմնորոշվել դեպի բնական գիտությունները՚-նշեց Գավառի պետական համալսարանի ռեկտորը: Վերջինս առաջարկեց պետական աջակցության ծրագրերով նպաստել մարզերում բուհական կրթության հետագա զարգացմանն ու ծավալմանը, մայրաքաղաքից այն դեպի մարզեր տեղափոխելու հաշվին Երեւանակենտրոն բուհական գերծանրաբեռնված համակարգը բեռնաթափելուն:
Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ կրթության ոլորտում սպասվող փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին ՝ կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերը ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը խոսեց ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերի մասին: Նա անդրադարձավ դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայման, ներառական կրթությանն առնչվող հարցերին: Նախարար Մկրտչյանը խոսեց նաև համալրված դասարանների և սակավ աշակերտ ունեցող դպրոցների կրթության մրցակցային որակի ապահովման մասին: ,, Մեր երկիրը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, որի համար պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություններ: Դրա համար պետք է ֆիքսենք մեր առարկայացանկը. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն: Բոլորն անհրաժեշտ են մեզ, որ վաղը մենք ունենանք մեր քիմիկոսը, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար մենք ստեղծենք անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել: Մեր հայ տեսակի առարկայախումբը ֆիքսելուց հետո , նոր պտտացնենք մյուս առարկայախումբը, որպեսզի կրթակարգը սկսի երկրի առջև ծառացած խնդիրներին նպաստել,, - իր խոսքում նշեց կրթության նախարարը: Լևոն Մկրտչյանը կարևորեց նաև ուսուցչի և տնօրենի հեղինակության բարձրացմանը, դպրոցների առջև ծառացած խնդիրներին ինքնուրույն լուծում տալու, համակարգում առկա բյուրոկրատական համակարգի թեթևացմանը վերաբերող հարցերը:
Ամփոփելով հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ կրթության ոլորտում մտահոգությունները շատ են, և հարկավոր է աշխատանքներ տանել նախատեսվող բարեփոխումները համակարգում սեղմ ժամկետում իրականացնելու համար: Մարզի ղեկավարն անդրադարձավ մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերին, տնտեսված միջոցների հաշվին դպրոցներում հրատապ խնդիրների լուծմանը, վթարային դպրոցների հիմնանորոգման անհրաժեշտությանը, նախակրթարանների հիմնման և դրանց գործունեության, մանկավարժական կադրերի ապահովման, ոլորտում առկա այլ խնդիրների: ,, 2015-16 ուսումնական տարվա ընթացքում մարզի կրթության ոլոտի առջև դրված խնդիրները համարում եմ լուծված, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր մանկավարժական կոլեկտիվներին: Նոր ուսումնական տարում շարունակելու ենք աշխատել համագործակցված, պատասխանատվության բարձր զգացումով՝ համատեղ կյանքի կոչելով նորանոր ծրագրեր: Ես շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին, տնօրեններին և մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ,,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ մարզի ղեկավարի՝ առաջիկայում իր կողմից կխրախուսվեն 2015-16 ուսումնական տարվա ընթացքում տարբեր առարկայական օլիմպիադաներում Գեղարքունիքի մարզից մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59