Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարը մարզում ծանոթացավ բերքահավաքի աշխատանքների ընթացքին

23.08.2016

Օգոստոսի 22-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի առաջին կանգառը Վարդենիսի ֆերմեր Էդուարդ Նալբանդյանի սերմնաբուծական տնտեսությունում էր: Ֆերմերն այս տարին աննախադեպ տարիներից մեկն է համարում ցորենի և հացահատիկային այլ մշակաբույսերի բերքատվության առումով: Ռուսաստանի դաշնությունից Հայաստան ներկրված բարձրորակ աշնանացան ցորենի մի քանի սերմատեսակներն այս տարի բարձր բերքատվություն են ապահովել մոտ 200 հեկտար տարածության վրա: ,,Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 50-60 ցենտներ: Սա ռեկորդային ցուցանիշ է: Ստացված բերքն առայժմ պահեստավորում ենք՝ ավելի հարմար գներով վաճառելու ակնկալիքով: Միաժամանակ պատրաստ ենք այս բերքից վաճառել որպես սերմացու, ինչպես նաև օգտագործել արտադրական այլ նպատակների համար,,- նշեց Էդուարդ Նալբանդյանը: Նույն ֆերմերային տնտեսությունում՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացան նաև ոլոռի արտադրության արդյունքներին: Արդեն 2-րդ տարին է, ինչ փորձարարական նպատակով ցանված դեղին և կանաչ ոլոռն այս տարի բարձր բերքատվություն է ապահովել: Ցանված 60 հեկտարից, 1 հեկտարի կտրվածքով, ստացվել է մոտավորապես 35- 40 ցենտներ բերք: Մասնագետների դիտարկմամբ ոլոռը ևս տարածաշրջանում կարող է հանդիսանալ հեռանկարային կուլտուրա և մեծ եկամուտ բերել գյուղացիական տնտեսություններին: Այնուհետև մարզպետը և նախարարը այցելեցին հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններ, տեղում ծանոթացան հացահատիկի բերքահավաքի ընթացքին և կարտոֆիլի ցանքերից սպասվող բերքի մոտավոր արդյունքներին: ,,Այս տարի կատարել եմ 100 հեկտար ցանք: Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավել բերք եմ ստացել հացահատիկի և 100 տոկոսից ավել՝ կարտոֆիլի ցանքերից: Աշնանացան ցորենի 1 հեկտարի միջին բերքատվությունը մեր տնտեսությունում կազմում է 60-70, իսկ կարտոֆիլից ակնկալում ենք մինչև 450-500 ցենտներ բերք,,- նշեց վարդենիսցի ֆերմեր Աշոտ Գրիգորյանը: ,,Թեև տարին գերխոնավ է եղել, սակայն ժամանակին իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել փրկել կարտոֆիլի ցանքատարածությունները սնկային հիվանդությունից և բարձր բերքատվություն ապահովել: Սպասվում է 40 տոննայից բարձր, մինչև 50 տոննա բերք՝ հեկտարի կտրվածքով,,- նշեց Սոթք համայնքից ֆերմերային տնտեսության ղեկավար Հակոբ Ավետյանը: Ստացված բերքը մասամբ իրացվում է դաշտերում, ոմանք էլ այն հանձնում են արտահանողներին: Ըստ ֆերմերների դիտարկումների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի եւ հացահատիկի շուկայական գները նվազել են: ,,Խոշոր կարտոֆիլի իրացման խնդիր չունենք, շուկայի աշխատողները գալիս են դաշտից հերթի տակ տանում: Իսկ սերմացուն՝ հույս չունենք, որ այս տարի 100 դրամով կարող ենք վաճառել: Շատ ցածր են գները,, - նշեց Սոթք համայնքի ղեկավար, ֆերմեր Կոլիկ Շահսուվարյանը: Ամփոփելով աշխատանքային այցը՝ Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ մարզում ցանքատարածությունների ավելացումը լուրջ խթան է հանդիսացել ինչպես կարտոֆիլի, այնպես էլ հացահատիկի բարձր բերքատվության ապահովման համար: ,,Բոլորն են նշում, որ այս տարի աննախադեպ բերք կա և սպասելիքները շատ բարձր են: Մոտավոր հաշվարկներով մարզում սպասվում է 40 ցենտներ հացահատիկ: Կարելի է ասել, որ անասնապահության ոլորտում էլ մեծ առաջընթաց կա: Խոշորի գլխաքանակը մարզում աճել է 3,6, մանր եղջերավորին՝ 4,2, իսկ խոզերին՝ 19 տոկոսով: Աճի ավելացմանը մեծապես նպաստել է համայնքներում ,,Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը,, որն իրականացվում է մարզի 39 համայնքներում և աշխատանքներ ենք տանում, որպեսզի հաջորդ տարիների ընթացքում ավելացնենք այդ ծրագրում ներգրավված համայնքների թիվը,,- նշեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Օգոստոսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքն ավարտվել է մոտ 65 տոկոսով: Իսկ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակից՝ կմեկնարկեն կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11