Նորություններ
Լիդերության դասընթացներ Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվող կանանց մասնակցությամբ
11.08.2016

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան` Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ օգոստոսի 9-10-ը Գավառ քաղաքում անցկացրել է դասընթաց ,, Տեղական ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում,կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում,, թեմայի շրջանակներում: Երկօրյա դասընթացներին ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններին նախապատրաստվող 25 կանայք: Դասընթացի պարապմունքավարները դասախոսություններ են ներկայացրել ,,Կանանց քաղաքական մասնակցությունը` որպես ժողովրդավարության կայացման հիմնախնդիր,տեղական ինքնակառավարման օրենսդրության դաշտը, ՏԻՄ ընտրակարգի որոշ բարեփոխումներ, լիդերության տիպերը և առանձնահատկությունները, կանանց քաղաքականության լիդերության հասարակական ընկալման կարծրատիպային պատկերացումները և դրանց հաղթահարման ուղիները, համայնքներում կանանց լիդերության խթանումը` որպես տեղական ինքնակառավարմանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման գործոն,, թեմաների շուրջ: Դասախոսություններով հանդես են եկել ,,Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի,, նախագահ Ջեմմա Հասրաթյանը, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ Արտակ Պետրոսյանը, Կանանց լիդերության դպրոցի դասախոս Անահիտ Աղոյանը: ,,Այս դասախոսությունների ընթացքում մենք մասնակիցներին հաղորդել ենք այնպիսի գիտելիքներ, որոնք կօգնեն կանանց ակտիվորեն մասնակցելու 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին, նրանց լիդերական հմտությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են ընտրարշավի կազմակերպման համար,, - իր խոսքում նշել է ,,Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի,, նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Գեղարքունիքի մարզում երկօրյա դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացը համակարգվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի կողմից: