Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվեց էպոսասացության փառատոնի հանրապետական փուլը

05.08.2016

,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է արդեն ավանդական դարձած ,,Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ,, հայկական էպոսին նվիրված փառատոն, որի եզրափակիչ` հանրապետական փուլը Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ անցկացվեց օգոստոսի 5-ին, Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում: Այս տարի ,,Սասնա ծռեր,, էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում էր էպոսասացության մրցույթ`,,Ձենով Օհան,, անվանակարգով: Փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ: Առաջին անգամ այն իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ, Ներքին Բազմաբերդ և Սասունիկ համայնքներում: ,, 2016 թվականի փառատոնի հանրապետական փուլի անցկացման վայր է ընտրվել Գեղարքունիքի մարզը՝ հաշվի առնելով մարզի դպրոցականների ակտիվ մասնակցությունը նախորդ տարիներին անցկացված փառատոններում: Փառատոնի նպատակն է՝ նպաստել էթնիկ, հոգևոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, ինչպես նաև դրանց պահպանմանն ու տարածմանը: Հավելեմ նաև, որ ,,Սասնա ծռեր,, կամ ,,Սասունցի Դավիթ,, էպոսը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում,,- իր խոսքում նշեց ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության ղեկավար, ծրագրի ղեկավար Ավագ Ավագյանը: Փառատոնի հանրապետական փուլին մասնակցում էին Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, մարզերից և Արցախի Հանրապետությունից մարզային փուլում հաղթող ճանաչված 25 դպրոցականներ, որոնք հանդես եկան ,,Սասունցի Դավիթ,, էպոսից իրենց ցանկությամբ ընտրված հատվածների ներկայացմամբ: Ժյուրիի կազմը ղեկավարում էր արվեստի վաստակավոր գործիչ, կոմիտասագետ, էպոսագետ Արթուր Շահնազարյանը: Թիմային արդյունքներով առաջատար ճանաչվեց ԼՂ Հանրապետությունից ներկայացած թիմը, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվեց Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականները ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության կողմից խրախուսվեցին պատվոգրերով, ,,Սասունցի Դավիթ,, հուշամեդալներով, խրախուսական այլ նվերներով: ,,Սասնա ծռեր,, էպոսին նվիրված հանրապետական փառատոնի ծրագրում ներառված են նաև ,,Ես և էպոսը,, խորագրով շարադրությունների օլիմպիադան, ՀՀ տարբեր զորամասերում էպոսասացության միջոցառումների անցկացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28