Նորություններ
Սեւան քաղաքում բացվեց ՙ100 դուռ՚ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
05.08.2016
Սեւան քաղաքի մշակույթի պալատում բացվեց ՙ100 դուռ՚ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Արեւմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի եւ եկեղեցիների դռների լուսանկարները: Ցուցահանդեսն օրհնեց Գեղարքունյաց թեմի Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր-Նշան քահանան: Ապա ներկաները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան ՙ100 դուռ՚ լուսանկարչական ցուցահանդեսի նախապատմությանը, գրանցած հաջողություններին ու աշխարհագրական տարածմանը, ձեռք բերած ազգապահպան նշանակությանը: Ինչպես ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը, ընտրվել են հայոց վանքերի ու եկեղեցիների այնպիսի դռների լուսանկարներ, որոնցով դարեր շարունակ մարդիկ ներսուդուրս են արել, մոմ վառել ու աղոթք արել առ Աստված: ՙՄտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, երբ ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը եւ Տեր-Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով եւ երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք՚,- ասաց Խաչիկ Եղոյանը: Այն առաջին անգամ հասցվել է ցուցադրվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ամփոփման ժամանակ: Իսկ 2016 թվականը նախաձեռնողների կողմից հայտարարվել է շրջագայությունների տարի: Հայաստանի Հանրապետության մարզերում սա երկրորդ ցուցադրությունն է, իսկ Գեղարքունիքի մարզում՝ արդեն երրորդը՝ Գավառ եւ Մարտունի քաղաքներից հետո: Նախաձեռնողներն առաջարկներ ունեն տարբեր երկրներից, բայց իրենց գերնպատակը լուսանկարները Ստամբուլում ցուցադրելն է, որը կյանքի կկոչվի առաջիկայում: