Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին համայնքների կադաստրային խնդիրների լուծման հնարավորությունները
04.08.2016

Գեղարքունիքի մարզպետարանում՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում՝ կոմիտեի անդամների, մարզի համայնքների ղեկավարների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը խոսեց վերջին երկու տարիների ընթացքում կոմիտեում իրագործված այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու արդյունավետությանը: Հանդիպման ընթացքում մարզի համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հողի, շենք-շինությունների պետական գրանցումներին, հողի սեփականաշնորհման և տարբեր տարիներին կատարված չափագրումների ընթացքում թույլ տրված սխալների և բացթողումների շտկմանը: Կարևորելով ՏԻՄ-երի աշխատանքը, Մարտին Սարգսյանը նշեց, որ մարզերում իրենք սկսել են հանդիպումների շարք՝ խորհրդատվություն տալու նպատակով: Ամփոփելով հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կարևորեց համագործակցությունը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, նշելով, որ մարզում գործող համապատասխան հանձնաժողովին կից առաջիկայում կստեղծվի նաև լրացուցիչ հանձնաժողով, որը տարածքների կադաստրային ստորաբաժանումների հետ համայնքներում առկա կադաստրային ոլորտի խնդիրների կարգավորման ուղղությամբ կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկում և կփորձի դրանք հասցնել նվազագույնի: Իսկ առավել ընդգրկուն լուծում պահանջող խնդիրները կկարգավորվեն կադաստրի պետական կոմիտեում ստեղծված համապատասխան հանձնաժողովի հետ համագործակցված աշխատանքների արդյունքում: