Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց ,,Սևանա լիճ-2016,, շախմատի միջազգային մրցաշարը

27.07.2016

Հուլիսի 26-ին Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ,,Սևանա լիճ - 2016,, շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, անհատ քաղաքացիներ: Մինչև մրցաշարի փակման հանդիսավոր արարողության մեկնարկը ցուցադրվեց տեսանյութ, որը ներկայացնում էր մրցաշարի 9-օրյա պատմությունը` խաղային լարված պայքարից մինչև առօրյա անցուդարձը: Հանդիսավոր արարողության առթիվ մրցաշարի մասնակիցներին և ներկաներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,, Ավարտվեց ևս մեկ մրցաշար, որն ընթացավ ըստ կանխատեսվածի. առողջ մրցակցային մթնոլորտում, լարված, հետաքրքիր և հազվագյուտ պարտիաներով, արդյունավետ ելքերով: 9-օրյա խաղերը մեծ հետաքրքրություն առաջացրին ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության և միջազգային շախմատասերների շրջանում: Այս մրցաշարում ես կարևորում եմ նաև այն նախաձեռնությունը, որ մարզի պատանի շախմատիստները հնարավորություն ունեցան շփվելու միջազգային գրոսմայստերների հետ : Դա ուսուցողական կարևոր նշանակություն ունեցավ և հիշարժան մնաց նրանց համար : Մենք առաջիկայում կսկսենք նախապատրաստվել ,,Սևանա լիճ-2017,,-ին և կարծում եմ, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի, որպեսզի մրցաշարի մասնակիցները նաև շրջայց կատարեն մարզի դիտարժան վայրերում: Ես շնորհավորում եմ ,,Սևանա լիճ -2016,, միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված գրոսմայստերներին, սակայն ուզում եմ ասել, որ այս մրցաշարում ևս հաղթեց բարեկամությունը, որն, իմ կարծիքով ամենակարևոր ձեռքբերումն է,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզի ղեկավարը: Արարողության առթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցրին նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, խաղի մրցավար Նորայր Քալանթարյանը: ,,Սևանա լիճ - 2016,, շախմատի միջազգային մրցաշարում վեցական միավոր հավաքեցին հնդիկ Վիդիտ Սանթոշ Գուջրաթին եւ ռուս Վլադիսլավ Արտեմեւը: Բայց, քանի որ Սանտոշն ավելի բարձր վարկանիշային միավորներ ուներ, առաջին տեղը բաժին հասավ նրան, իսկ երկրորդ մրցանակակիր ճանաչվեց Վլադիսլավ Արտեմեւը: Երրորդ արդյունքը ցույց տվեց լեհ գրոսմայստեր Յան Քշիշտոֆ Դուդան՝ 5,5 միավոր: ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Սամուել Սեւյանը 5 միավորով գրավեց 4-րդ տեղը: 5-րդ արդյունքը նույն 5 միավորով ապահովեց Սամվել Տեր-Սահակյանը, 6-րդ արդյունքը՝ 4,5 միավորով՝ Իսպանիան ներկայացնող Դավիդ Անտոն Գուիջարոն: 7-րդ տեղը 4 միավորով գրավեց Ռոբերտ Հովհաննիսյանը, 8-րդ տեղը 3,5 միավորով՝ Արման Փաշիկյանը: 9-րդ տեղում էր ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակեց Հովհաննես Գաբուզյանը: ,,Սևանա լիճ - 2016,, շախմատի միջազգային մրցաշարի փակումը և մրցանակաբաշխությունը ուղեկցվեց հանդիսավոր արարողությամբ և երաժշտական կատարումներով: Բոլոր մասնակիցների և մրցավարական կազմի համար հուշամեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ էին նախապատրաստվել ՀՀ շախմատի ակադեմիայի, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի շախմատի ֆեդերացիայի և Մարտունու քաղաքապետարանի կողմից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59