Նորություններ
Մարզում ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները
26.07.2016

Գեղարքունիքի մարզի համայնքերում գյուղատնտեսական եռուզեռի ժամանակաշրջան է: Այս պահին ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները: Խոտհունձը մարզի ցածրադիր գոտիների ցանովի և բնական խոտհարքերում արդեն ավարտին է մոտենում: Բնական խոտհարքերի մեկ հեկտարից սպասվում է մոտավորապես 2, առանձին հատվածներում 3-3,5 տոննա բերք, իսկ ցանովի խոտհարքերում հեկտարի միջին բերքատվությունը մոտավորապես կազմում է 3, առանձին հատվածներում նույնիսկ 3,5 - 4,5 տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ բավականին բարձր ցուցանիշ է: Բերքահավաքի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը օգնում են նաև եղանակային բարենպաստ պայմանները: Օգոստոսի առաջին օրերից անասնակերի կուտակման աշխատանքները կմեկնարկեն նաև մարզի բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում, որտեղ, ըստ կանխատեսումների ևս ակնկալվում է բարձր բերքատվություն: Նման ցուցանիշը նպաստում է անասնակերի շուկայական արժեքի նվազեցմանը, հնարավորություն է տալիս ապահովել անասունների մսուրային շրջանը: Այն կարող է խթանել նաև մարզում անասնագլխաքանակի ավելացմանը: Նախնական հաշվարկներով այս տարի մարզում կկուտակվի ավելի քան 500 հազար տոննա անասնակեր: Ըստ մասնագետների կանխատեսումների մարզում առատ բերք է սպասվում նաև կարտոֆիլի, հացահատիկային և բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերում: