Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը

22.07.2016

Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը իր մամուլի ասուլիսի ընթացքում մարզի և հանրապետական զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների եւ առաջիկա ներդրումային ծրագրերի իրականացման մասին: Մարզպետը տարին հաջողված համարեց գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ակնկալվում է բարձր բերքատվություն ինչպես խոտհարքերում, այնպես էլ հացահատիկի արտերում ու կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերում: ՙԽոտի բերքահավաքն արդեն ընթանում է մոտ 1 ամիս, բավականին բարձր բերքատվությամբ: Նախնական կանխատեսումներով՝ այս տարի կկուտակվի ավելի քան 500 հազար տոննա խոտ, ինչը միանգամայն բավարար է՝ մարզի ողջ անասնագլխաքանակի ձմեռացման շրջանն ապահովելու և ինչու չէ, նպաստավոր`  անասնագլխաքանակի ավելացման համար: Բարձր բերքատվություն է սպասվում նաեւ աշնանացան ու գարնանացան ցորենի ու գարու արտերում, կարտոֆիլի ցանքերում: Կարծում եմ, որ սա մեր ամենաբերքառատ տարիներից մեկն է: Կառավարությունն այս տարի մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրել է 6 հազար տոննա սուբսիդավորված պարարտանյութ, 1 միլիոն լիտր դիզվառելիք, հացահատիկային եւ կերային մշակաբույսերի սերմացուներ: Այսօր էլ համայնքներից ստացվող պահանջարկի դեպքում պատրաստ ենք տնտեսություններին տրամադրել սուբսիդավորված պարարտանյութերի, դիզվառելիքի եւ բարձրորակ սերմացուների նոր խմբաքանակներ՚,-ներկայացրեց մարզպետը:
Մարզի ղեկավարը լուրջ ձեռքբերում համարեց ՀՀ գյուղնախարարության կողմից իրականացվող ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, շրջանակներում մարզում կատարված աշխատանքները, ինչի շնորհիվ շատ համայնքներ ձեռք են բերել գյուղտեխնիկա,ջրարբիացրել հազարավոր հեկտարների հասնող արոտներ: ՙԱյդ ծրագրի իրականացմամբ մեր համայնքների գյուղացիական կոոպերատիվները ձեռք են բերել 229 միավոր գյուղտեխնիկա, իսկ մինչև նշված ծրագրի ավարտը մարզում նման տեխնիկաների թիվը կհասնի մինչեւ 708 միավորի: Արոտների ջրարբիացման նպատակով անցկացվել են նաեւ տասնյակ կիլոմետրերի հասնող ջրատարներ,կառուցվել է 27 անասնախմոց: Ընդհանուր առմամբ, կատարվել է 827 միլիոն դրամի ներդրում: Արդեն ծրագիր իրականացնող կառույցին առաջարկություն ենք ներկայացրել՝ համայնքների գյուղատնտեսական կոոպերատիվները հացահատիկահավաք նոր կոմբայններով ապահովելու համար, որոնց կարիքն առավել զգացվում է՚,-ասաց մարզպետը:
Բնապահպանական ոլորտում Ռաֆիկ Գրիգորյանը կարեւոր ձեռքբերում համարեց Սեւանի ավազանում ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ներդրումը, որի շրջանակներում արդեն Կարճաղբյուրում շահագործման է հանձնվել Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարանը, ինչն այսուհետ հնարավորություն է ստեղծում՝ տեղում կազմակերպելու Սեւանի իշխանի մանրաձկան արտադրությունը եւ տարեկան միլիոնի հասնող քանակով Սեւանա լիճ բաց թողումը, իսկ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ապահովելու է զգալի թվով աշխատատեղեր: ՙԿարճաղբյուրի գերժամանակակից սարքավորումներով զինված ձկնաբուծարանն արդեն հանձնվել է շահագործման, որտեղ արտադրվել եւ ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի,, կողմից լիճ է բաց թողնվել 706 հազար հատ իշխանի մանրաձուկ: Մինչեւ տարեվերջ լիճ բաց կթողնվի նաեւ մանրաձկան հերթական խմբաքանակը՝ 300 հազարի չափով: Ամեն տարի Սեւանի իշխանի պաշարների համալրման համար պետբյուջեից հատկացված միջոցներով Հայաստանի այլ մարզերից գնվում էր իշխանի մանրաձուկը և տեղափոխումից հետո բաց թողնվում լիճ, սակայն նշված մանրաձուկը դժվարությամբ էր հարմարվում լճի պայմաններին: Այժմ արդեն մանրաձուկն աճեցվում է Կարճաղբյուրի ձկնաբուծարանում, համապատասխան միջոցների հաշվին եւ անկորուստ տեղափոխվում լիճ՝ արդեն միանգամայն հարմարված տեղի պայմաններին եւ կենսունակ՝ հետագա աճի ու զարգացման համար: Այս տարի կգործեն նաեւ ցանցավանդակային տնտեսությունները, որտեղ կբուծվեն գործարանում արտադրված մանրաձկների տեսակները: Պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին այս տարի բարեհաջող ընթանում են նաեւ Սեւանի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքները: Առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն նաեւ Սեւանա լիճը ջրածածկման ենթակա շենք-շինություններից մաքրելու ուղղությամբ՚,-ներկայացրեց մարզպետը: Ըստ մարզի ղեկավարի, առավել լուրջ ձեռքբերում պետք է համարել ,,Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի,, հաստատումը, որով վերջապես լուծում է ստանում Սեւանա լիճը եւ նրա ջրահավաք ավազանը կենցաղային աղբի աղտոտումից զերծ պահելու խնդիրը: ,Այս խնդրի կարգավորումն ընդգրկված էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության հանձնարարականների ցանկում: Ծրագրի պատասխանատուների եւ մեր կողմից այդ ժամանակահատվածում կատարվել է համակողմանի ուսումնասիրություն, ծրագիրը հաստատվել է եւ այս տարվա ընթացքում կդրվի գործողության մեջ: Մեր մարզում կստեղծվի աղբահավաքման 5 կետ, ծրագրի պատասխանատուների կողմից կհատկացվեն բավարար քանակի աղբահանող մեքենաներ, որոնց միջոցով կենցաղային կոշտ թափոններն ամբողջովին մեր մարզից դուրս կբերվի: Սեւանի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման համար սա լրջագույն եւ տեւական խնդիր էր, որը վերջապես ստանում է իր կարգավորումը՚,-կարեւորեց մարզպետը: ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականների հիման վրա այժմ ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, կողմից հատկացված 1 միլիարդ 408 միլիոն դրամի շրջանակներում մարզի Լիճք, Ծակքար, Գեղամավան,Դդմաշեն, Վարդաձոր գյուղերում, Սեւան, Գավառ եւ Ճամբարակ քաղաքներում իրականացվում են մանկապարտեզների շենքերի հիմնանորոգան կամ կառուցման աշխատանքներ: Նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի շենքը: Առաջիկայում ներդրումային այլ ծրագրերով կսկսվեն նաեւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող դպրոցական 5 շենքերի կառուցման աշխատանքները: ՙՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականներն ընդգրկում են մարզի կենսական հիմնական ոլորտները, որոնք քայլ առ քայլ իրականանում են՝ իրենց նպաստը բերելով մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Քայլեր են ձեռնարկվում մարզում ջերմոցային տնտեսությունների ստեղծման ու զարգացման, Սեւանա լճի ափամերձ համայնքներում հանրային նոր լողափերի կառուցման, ոռոգման համակարգերի ընդլայնման ուղղություններում՚,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Պետական բյուջեի միջոցներից տրամադրված գումարներով շարունակվել է Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունը, սկսվել եւ ընթանում են Սեւանի համար 1 հիմնական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման, Զոլաքարի համար 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները: Մեծածավալ ներդրումներ են կատարվել ճանապարհաշինության ոլորտում, որոնք կազմել են 4 միլիարդ 500 միլիոն դրամ, որով հիմնանորոգման կենթարկվեն միջպետական ու մարզային նշանակության 27,7 կիլոմետր ճանապարհներ, կվերականգնվեն փլվածքներ: ՙԲոլոր ճանապարհաշինական տեղամասերում տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը: Իրականացվում են ճանապարհաշինական կարեւորագույն ծրագրեր: 609 միլիոն դրամի ներդրմամբ ասֆալտապատվելու է Սեւանի պետավտոտեսչության կետից մինչեւ Ծովագյուղի խաչմերուկ ընկած հատվածը, 1 միլիարդ 942 միլիոն դրամի ներդրմամբ՝ Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ միջհամայնքային նշանակության ճանապարհը, 617 միլիոն դրամի ներդրմամբ՝ Մարտունի-Վարդենիս մայրուղու Զոլաքար-Վարդենիկ 4,3 կիլոմետր երկարության հատվածը, 124 միլիոն դրամի ներդրմամբ՝ Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոն տանող ճանապարհը, 791 միլիոն դրամի ներդրմամբ՝ Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար միջհամայնքային նշանակության ճանապարհը: Կվերականգվեն Սեւանա լճի ջրի բարձրացման հետեւանքով առաջացած 3 փլվածքները՚,- շարունակեց Ռաֆիկ Գրիգորյանը:
2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում շարունակվել են մարզի առողջապահության համակարգի արդիականացման եւ վերազինման աշխատանքները: Հաջողությամբ ավարտվել է Սեւանի բժշկական կենտրոնի վերակազմակերպման գործընթացը, ընտրվել է հաստատության նոր տնօրեն, կայացել է բուժհաստատության նոր շենքի կառուցման համար հայտարարված մրցույթը, եւ առաջիկայում կմեկնարկի շենքի շինարարությունը: Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում շուտով կավարտվի Ճամբարակի տարածքի գյուղական համայնքների բուժկետերի վերանորոգման եւ առաջին անհրաժեշտության բուժգործիքներով ապահովելու ծրագիրը, որից հետո նույն ծրագիրը  կմեկնարկի նաեւ Վարդենիսի տարածքի համայնքներում: ՙՄարզի առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրն ավարտին հասցնելու համար մեզ մնում է ժամանակակից շենքային պայմաններով ու բուժսարքավորումներով ապահովել Մարտունու եւ Վարդենիսի բժշկական կենտրոնները: Վարդենիսում խնդիրը լուծվում է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ՝ Վարդենիսի հիվանդանոցի եւ զինվորական հոսպիտալի միավորմամբ, եւ նոր կազմավորվող հաստատությունը գործելու է ՀՀ ՊՆ ենթակայությամբ, իսկ Մարտունիում մեր համատեղ քննարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքում կգտնվի այն տարբերակը, որի հիման վրա կիրականացվի բուժհաստատության նոր շենք ունենալու ծրագիրը: Կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում մենք հիմնավորապես կավարտենք մարզի առողջապահության համակարգի արդիականացման ծրագիրը՝ շենքային պայմանների բարելավման եւ տեխնիկական խնդիրների կողքին կարեւորելով նաեւ համակարգը բարձրորակ բժիշկ մասնագետներով համալրելու խնդիրը: Վերջին տարիների ընթացքում մարզի առողջապահական համակարգում աշխատանքի են ընդգրկվել սիրիահայ 4 բժիշկ, իսկ վերջերս Սեւանի բժշկական կենտրոնը համալրվել է բարձրակարգ երկու վիրաբույժներով: Մենք ստեղծելու ենք նախադրյալներ, որ մարզի առողջապահական համակարգն հետզհետե ունենա բարձրորակ բժիշկ մասնագետներ: Մեր նախաձեռնությամբ կարգավորել ենք պոլիկլինիկական եւ ամբուլատոր ծառայությունների կողմից բնակչության ուղեգրումների ընթացքը դեպի մարզի հիվանդանոցային հաստատություններ,ինչի արդյունքում արդեն էականորեն աճել է տեղում բուժվել ցանկացողների թիվը: Իսկ այս ոլորտի կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ մենք չունենք մի ձեռնարկություն, այդ թվում նաեւ կրթական, որն ունենա տարեկան կամ ընթացիկ պարտքեր՚,-շեշտեց մարզպետը:
Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորացման ծրագրերը, որոնք դադարեցվել են ժամանակավորապես, կվերսկսվեն առաջիկայում, երբ հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում կընտրվի համակարգը սպասարկող նոր կազմակերպությունը: ՙԱյս ոլորտում անավարտ չի մնա ոչ մի սկսված ծրագիր: Կշարունակվեն կիսատ մնացած ջրաշինական բոլոր ծրագրերը, կսկսվի Սեւան քաղաքի կոյուղու նոր կոլեկտորի կառուցման ծրագիրը, լուծում կստանան համակարգում առկա բոլոր հիմնախնդիրները՚-հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Կրթության համակարգի կամակերպություններում հաջողվել է ոչ միայն չկուտակել ընթացիկ պարտքեր, այլ նաեւ ունենալ տնտեսված միջոցներ, որոնք ուղղվում են դպրոցաշինական խնդիրների կարգավորմանը: ՙԲոլոր այն զարգացման ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են մարզում, ընդգրկված են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական եւ ՀՀ կառավարության ընթացիկ ծրագրերում՚-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետի կարծիքով՝ մարզի զարգացման համար անգնահատելի նշանակություն է ձեռք բերում ,,Գեղարքունիքի մարզի 2017-2020 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,, որի գլխավոր ռազմավարությունը մշակվել է ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունքում: ՙՄեր ակնկալիքները մեծ են այդ ծրագրից, որով նախատեսվում է Գեղարքունիքում կատարել 122 միլիարդ դրամի ներդրում, ինչն էապես կբարեփոխի սոցիալ-տնտեսական իրավիճակը, արմատական լուծում կտա տարիներ ի վեր կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրներին՚,-կարծում է մարզի ղեկավարը:
Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության կողմից Կարճաղբյուր, Անտառամեջ եւ Կալավան համայնքներին հատկացված միջոցների չափը՝ սելավներից քանդված ճանապարհների վնասված հատվածների վերակագնման աշխատանքների իրականացման համար: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ 5 միլիոն դրամ հատկացվել է Կարճաղյուրի ներհամայնքային, 6 միլիոն դրամ՝ Ձորավանք-Անտառամեջ եւ 4 միլիոն դրամ՝ Դպրաբակ-Կալավան միջհամայնքային ճանապարհների վնասված հատվածների վերականգնման համար: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մարզում մեծածածավալ ներդրումներ են կատարվել նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի կողմից, որոնց շրջանակներում կառուցվում են Թթուջրի, Արտանիշի, Մեծ Մասրիկի, Վերին Գետաշենի, Զոլաքարի ջրամատակարարման համակարգերը, ինչի արդյունքում առաջիկայում վերոնշյալ համայնքները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ: Պետբյուջեից հատկացված 400 միլիոն դրամի հաշվին կսկսվի Սեւան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումը, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ կազմված են:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ասուլիսի ավարտին պատասխանեց նաեւ լրագրողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06