Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարճաղբյուրում ջրհեղեղը լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին եւ ենթակառուցվածքներին

25.06.2016

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում հունիսի 24-ի տեղացած հորդ կարկտից եւ անձրեւից առաջացած ջրհեղեղը լուրջ վնասներ է պատճառել գյուղի երեք թաղամասերի վեց տասնյակին մոտ տնտեսություններին եւ ենթակառուցվածքներին: Ջրհեղեղն առաջացել է գյուղի հարավային հատվածում` ողողելով գյուղամիջյան ճանապարհները,ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, հացատները, վնասելով խմելու եւ ոռոգման ջրատարները:Գրանցվել է նաեւ ընտանի կենդանիների անկման եւ անասնագոմերի պատերի կամ առաստաղների փլուզման դեպքեր: Գյուղամերձ ցանքերում կուտակված կարկտի շերտը կազմել է մոտ 30 սանտիմետր, որի հալոցքը եւս նպաստել է հեղեղի առաջացմանը:ՙՀորդառատ կարկուտն ու անձրեւը տեւեցին մոտ քառասուն րոպե, որից հետո մոտ մեկ ժամ տեւողությամբ, մոտ մեկ մետր բարձրությամբ հեղեղը ավերածություններ էր գործում գյուղի երեք թաղամասերով մեկ:Որեւէ կերպ կանգնեցնել հեղեղի թափն անհնար էր:ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները պոմպերի միջոցով դուրս են մղում բնակարանների նկուղներում կուտակված մեծածավալ ջրերը, մարդիկ դույլերով դուրս են մղում անասնագոմերում կուտակված ջուրն ու տիղմը: Գյուղը ժամերով մնացել է հոսանքազրկված,ճանապարհները դարձել են անանցանելի՚,- նշեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը: Ճանապարհների հատվածներում եւ տնամերձ հողամասերի կարտոֆիլի ցանքերում հեղեղն առատ տիղմ ու քարեր էր կուտակել, իսկ առանձին տեղերում էլ խոր խանդակներ առաջացրել:Մարդիկ մեկ ժամ տեւած աղետից հետո ներկայացնում էին բնության անսանձ տարերքի պատճառած վախի տպավորությունները:ՙԵս մեր նկուղային հարկում էի, հացի սեղանի մոտ, որտեղ հաց ենք ուտում ընտանիքով:Հանկարծ հեղեղը թափով լցվեց ներս, ինձ քշեց իմ նստած տեղից:Աղջիկս իրեն դրսից նետեց ներս, ինձ մի կերպ դուրս բերեց փորձանքից՚,-պատմեց ութսունութամյա Գեղեցիկ Աղաջանյանը:ՙՀեղեղը լցվեց բակ, դեմը չկարողացանք փակել, ապա միանգամից մտավ անասնագոմ, որի տանիքը գետնին հավասար է:Առաստաղը ջրի ծանրությունից փլվեց, հորթին մի կերպ կենդանի դուրս հանեցինք փլվածքի տակից՚-պատմեց Բավական Առաքելյանը:Փլվել էր նաեւ Հասմիկ Խուրշուդյանի գոմի պատը եւ առաստաղը:ՙՎնասների չափերը կճշտվի համապատասխան հանձնաժողովների կողմից, բայց նախնական տվյալներն արդեն տալիս են աղետի հասցրած վնասների մոտավոր պատկերը:Վերականգնման են ենթակա խմելու եւ ոռոգման ջրատարները, ճանապարհները, փլված շինությունները, փոխհատուցման ենթակա` վնասված ցանքատարածությունները, ինչը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Տուժածների մեջ կան նաեւ պայմանագրային եւ ժամկետային զինծառայողների ընտանիքներ՚,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:Վնասների հնարավոր չափերը ճշտվում են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59