Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հանդիպում վիրավոր զինծառայողների և նրանց հարազատների հետ

23.06.2016

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՙԹեքեյան մշակութային՚ հիմնադրամի կողմից դրամական աջակցություն ստացան ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում վիրավորում ստացած 13 զինծառայողներ: Հանդիպումը բացեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շեշտելով, որ Արցախյան ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում իրենց հերոսական կողմերով են դրսեւորել Գեղարքունիքի մարզի ինչպես ժամկետային զինծառայողները, այնպես էլ՝ կամավորները: ՙՀազարից ավելի մարդիկ են կամավորագրվել եւ մեկնել Արցախ, առաջնագծին ցուցաբերվել է մեծածավալ նյութական օգնություն: Մեր ժամկետայինները փառավոր սխրանքներ են գործել ռազմադաշտում: Ապրիլյան իրադարձությունները համախմբեցին մեր ազգին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, եւ այսուհետ էլ այդ համախմբումը պետք է ամրապնդվի: Մենք մեր հնարավորության սահմաններում օգնել ու օգնում ենք զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին, կամավոր առաջնագիծ մեկնածներին եւ այն կարծիքին ենք մնում, որ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը կորցրած զինծառայողների ընտանիքները պետք է շարունակական աջակցություն ստանան, որպեսզի կարողանան հնարավորինս հաղթահարել իրենց սոցիալական , առողջական ու առօրյա խնդիրները՚-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունն ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո օգնության կոչով դիմել է համայն հայությանը՝ նյութապես աջակցելու զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին, ովքեր, իրենց հասած դժբախտության հետ մեկտեղ, հայտնվել են նաեւ կարիքի մեջ: Այդ կոչին արձագանքել է ՙԹեքեյան մշակութային ՚ հիմնադրամը, որի տնօրեն Արմեն Ծուլիկյանն անձամբ էր ներկայացել հանդիպմանը՝ ապրիլյան քառօրյա մարտերում վիրավորված զինծառայողներին դրամական աջակցություն հատկացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով իր խոսքում դրվատեց մեր հերոս զինծառայողների անուրանալի սխրանքը:ՙՈւզում եմ գլուխ խոնարհել այս հանդիպմանը ներկա հերոսների եւ առհասարակ բոլոր մյուս հերոս տղաների մայրերի առջեւ, ովքեր նման հերոս տղաներ են ծնել: Նրանք, իրենց սխրանքով պատնեշելով թշնամուն, փրկել են Արցախի ու Հայաստանի քաղաքացիների կյանքը, մեր հայրենիքը: Մեր նախարարությունը զոհված եւ վիրավոր զինծառայողների ցանկը ներկայացրել է Սփյուռքի կազմակերպություններին: Արվում է հնարավորը, որ այդ օգնությունը լինի ոչ թե միանվագ, այլ շարունակական, որպեսզի իրենց զավակներին կորցրած ընտանիքները, բուժման ու կենսական խնդիրներ ունեցող վիրավոր զինծառայողները կարողանան սոցիալական խնդիրներ լուծել, հոգալ իրենց առօրյա հոգսերը: Կփորձենք նաեւ անհատական օգնություններ կազմակերպել՚,-հանդիպման մասնակից վիրավոր զինծառայողներին եւ նրանց ծնողներին դիմեց Ֆիրդուս Զաքարյանը:
ՙԱպրիլյան քառօրյա հերոսամարտերը ալեկոծեցին համայն հայությանը, եւ մեր տղաների հերոսական ջանքերի շնորհիվ մենք այժմ բաց ճակատով ենք նայում աշխարհին, հավատով՝ մեր վաղվա անվտանգ օրվան: Գեղարքունիքի մարզում սա մեր առաջին մասնակցությունն է աջակցության տեսքով, բայց աշխատանքներ ենք տանում, որ այն լլինի շարունակական՚-հավաստեց ՙԹեքեյան մշակութային՚ հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:Ապա տնօրենը անձամբ օգնություն հանձնեց Ապրիլյան հերոսամարտերում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներ, Գավառ քաղաքը ներկայացնող Նորայր Զախարյանին, ԼՃափ գյուղը ներկայացնող Գեւորգ Բաղդասարյանին, Շատջրեք գյուղը ներկայացնող Անդրանիկ Աթալյանին, Վարդենիս քաղաքը ներկայացնող Արմեն Սիմոնյանին Հայկ Մինասյանին, Ճամբարակ քաղաքը ներկայացնող Համբարձում Վարդանովին եւ Գուրգեն Առուստամյանին, Սեւան քաղաքը ներկայացնող Դավիթ Ազիզյանին, Լիճք գյուղը ներկայացնող Հրայր Բաղդասարյանին, Սոթք գյուղը ներկայացնող Ավետիս Զարգարյանին, Փոքր Մասրիկը ներկայացնող Ռուբեն Գեւորգյանին: Դրամական աջակցություն ստացողների շարքում էր նաեւ ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը, ով վիրավորվել էր Մարտակերտում:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, եւս մեկ անգամ մեծարելով ապրիլյան հերոսամարտերում կենաց-մահու գնով թշնամուն կանգնեցրած քաջերին, հավաստիացրեց, որ հայրենի կառավարությունը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում թեթեւացնել հայրենիքի հերոս պաշտպանների ընտանիքների հոգսերը, Հայոց բանակին ու նրա մարտիկներին սատար են կանգնելու բոլոր խնդիրներում:ՙԿփորձենք ձեզ աջակցել աշխատանքի տեղավորման հարցում, ամենատարբեր խնդիրներում, ուր կբավարարեն մեր հնարավորությունները:Ձեր ու ձեր զոհված ընկերների մասին հպարտությամբ կխոսեն նաեւ ձեր եղբայրներն ու կրտսեր ընկերները, ովքեր, որպես ապագային հայ զինվորներ, կոգեշնչվեն ձեր հերոսական կերպարներով: Կեցցեք դուք՚,-ասաց մարզպետը:
ՙԱռողջություն եմ մաղթում բոլոր հայ զինվորներին, լինեն ողջ թե վիրավոր, որպեսզի ամեն մեկը ողջ ու առողջ վերադառնա կարոտած ընտանիք: Շնորհակալ ենք ուշադրության ու աջակցության համար՚-իր խոսքը հնչեցրեց Վարդենիս քաղաքի բնակիչ, վիրավոր զինծառայողի մայր Սուսաննա Գեւորգյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57