Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային հերթական այցով եղավ Սեւանի բժշկական կենտրոնում

15.06.2016

Հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Սեւանի բժշկական կենտրոն: Մարզպետը նորանշանակ տնօրեն Գայանե Էլիզբարյանի եւ բուժանձնակազմի հետ քննարկեց ընթացիկ հարցեր, բուժհաստատությունում առկա եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Սեւանի բժշկական կենտրոնի տնօրենը հանդիպման ընթացքում հավաստեց, որ վերջին քսան օրերի ընթացքում նախորդ ամսվա համեմատ բժշկական կենտրոնում մոտ 20 տոկոսով ավելացել է ուղեգրված հիվանդների, մի քանիսով՝ ծննդաբերությունների թիվը: Այս ձեռքբերումը բուժանձնակազմի անդամները պայմանավորեցին վերջերս հիվանդանոցի ախտորոշիչ եւ գինեկոլոգիական բաժանմունքներում իրականացված վերանորոգման աշխատանքներով, որոնք կատարվել են տնօրենի անձնական միջոցների հաշվին: Դրվատելով առաջին գոհացուցիչ քայլերը՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բուժանձնակազմին տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսի 6-ին կկայանա Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարության մրցույթը, որից հետո հաղթող կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, ու կմեկնարկի շինարարությունը: ՙՊայմանագրով սահմանված ժամկետներում կսկսվի եւ կավարտվի շինարարությունը, դուք կունենաք աշխատանքային ամենաարդիական պայմանները: Սակայն մինչ այդ հարկավոր է կոսմետիկ նորոգումների հաշվին բարելավել հիվանդանոցային պայմանները, մասնագիտական կարողություններով ու կազմակերպչական ճիշտ մոտեցումներով բարձրացնել բուժսպասարկման արդյունավետությունը եւ բուժհաստատության հեղինակությունը, ինչի ներուժը ես ձեր կազմակերպությունում տեսնում եմ՚,- նշեց մարզպետը:
Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարեց՝ Սեւանի տարածքի համայնքներում տեղի բժիշկ մասնագետների ուժերով կազմակերպել առողջապահական ՙԲաց դռների օրեր՚ եւ այդ շրջանակներում բացահայտել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքները՝ նրանց հետագա բուժումը ձգտելով կազմակերպել տեղում: ՙՉեմ կարծում, որ մեր բժշիկ մասնագետները փորձով ու գիտելիքներով զիջում են մայրաքաղաքի մասնագետներին: Պարզապես պետք է ճիշտ կազմակերպել աշխատանքները, արդյունավետորեն օգտագործել մեր մարզի բժիշկների մասնագիտական ներուժը՚,-իր կարծիքը հնչեցրեց մարզպետը:
Հանդիպումից հետո Ռաֆիկ Գրիգորյանը շրջեց նորոգված գինեկոլոգիական եւ ախտորոշիչ բաժանմունքներում, զրուցեց հիվանդների եւ բժիշկների հետ, տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականների: Մարզպետը գինեկոլոգիական բաժանմունքում նվերներ հանձնեց հետծննդյան սենյակում գտնվող չորս նորածինների մայրերին:
Աշխատանքային այցն ավարտվեց Սեւանի պոլիկլինիկայի շենքում, որտեղ մարզպետը զրուցեց բուժանձնակազմի հետ՝ նրանց հետ քննարկելով մի շարք ընթացիկ եւ հրատապ լուծում պահանջող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55