Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակաբար բարձրանում է Սեւանա լճի մակարդակը

24.05.2016

2016 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, Սեւանա լճի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերեւույթից 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Սեւանա լիճը 1961 թվականին ծովի մակերեւույթից գտնվել է 1902 մետր բարձրության վրա, իսկ դրան հաջորդած տարում Սեւանն իջել է ավելի քան 1 մետր 20 սանտիմետրով:Լճի մակարդակի անկումը շարունակվել է դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում՝ մինչեւ 1980-ական թվականները՝ Արփա-Սեւան թունելային ջրատարի շահագործումը:ՙՍեւանա լճի մակարդակի հերթական անկման փուլը սկսվել է 1990-ական թվականներից՝ Հայաստանի տնտեսական շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին եւ շարունակվել մինչեւ 2003 թվականը: Անցած 13 տարիների ընթացքում Սեւանը շարունակաբար բարձրացել է ավելի քան 3,5 մետրով: Այժմ Արփա-Սեւան թունելային ջրատարով օրական 1 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր է տեղափոխվում Սեւան, լիճ թափվող գետերը եւս ավելացրել են իրենց ելքերը, դրանց էլ գումարվում են առատ տեղումները:Այնպես որ, կան նախադրյալներ, որ մինչեւ Սեւանից ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումները Սեւանի մակարդակը հավասարվի 1962 թվականի նիշին՚,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Մարտին Պետրոսյանը: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 58 միլիոն խորանարդ մետր ջուր: Եվս 11 միլիոն խորանարդ մետր ջուր մուտք է եղել ստորերկրյա հոսքի շնորհիվ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25