Նորություններ
Կայացել է շախմատի տղամարդկանց առաջնության մարզային փուլը
23.05.2016

Գավառ քաղաքի շախմատի տանը տեղի է ունեցել Գեղարքունիքի շախմատի մարզային առաջնություն, նվիրված` մայիսյան հաղթանակներին: Մարզային առաջնությունն անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, երկու փուլով՝ տարածքային եւ մարզային: Մայիսի 3-7-ը կայացած տարածքային փուլին մասնակցել են շուրջ 200 շախմատիստներ, որի մրցումներն անցկացվել են Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սեւանի եւ Սարուխանի մասնաճյուղերում: Տարածքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ եւ 3–րդ տեղերը գրաված շախմատիստները մասնակցել են մարզային փուլի մրցումներին: Առաջնությունում առաջին տեղը գրավել է Ճամբարակ քաղաքի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը, երկրորդ հորիզոնականում է Վերին Գետաշեն համայնքի ներկայացուցիչ Կոմիտաս Սիմոնյանը, իսկ երրորդ հորիզոնականում` Սեւան քաղաքի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը: Մարզային առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղեր գրաված շախմատիստները իրավունք են ստացել մասնակցելու մայիսի 23-ից հունիսի 3-ը Ջերմուկ քաղաքում կայանալիք Հայաստանի տղամարդկանց շախմատի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին: