Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

14.05.2016

 Մայիսի 13-ին  նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Մարզպետարանում` գյուղատնտեսության ոլորտի և մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ  տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են   գյուղատնտեսության ոլորտի նախորդ տարվա  գյուցուցանիշները  և ընթացիկ տարվա գերակա անելիքները: «Նախորդ տարին գյուղատնտեսության համար խիստ բարենպաստ էր. ոլորտի համախառն արտադրանքի աճը կազմեց 11,7 տոկոս, առաջին անգամ գյուղատնտեսական արտադրանքի արժեքը գերազանցեց 1 տրիլիոն դրամի սահմանագիծը, և այդ ամբողջ ծավալի մեջ Գեղարքունիքի մարզի մասնաբաժինը զգալի էր` շուրջ 19 տոկոս կամ 191 մլրդ դրամի համախառն արտադրանք: Գեղարքունիքի մարզը ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի գյուղատնտեսության զարգացման գործում. սա իրապես բավականին լուրջ ցուցանիշ է», – իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը: Մարզը նախորդ տարվա համեմատությամբ լուրջ առաջընթաց է արձանագրել ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ճյուղում: Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է վարելահողերի օգտագործման ցուցանիշը, որով մարզը հանրապետությունում առաջատարն է: Գեղարքունիքում պարապ հող գրեթե չկա. մարզի վարելահողերի ավելի քան 95 տոկոսը մշակվում է, այն դեպքում երբ հանրապետական միջին ցուցանիշը կազմում է շուրջ 79 տոկոս: Մարզում 3.6 տոկոսով աճ է գրանցվել անասնապահության ոլորտում, մասնավորապես 4.3 տոկոսով ավելացել է խոշոր, 2.2 տոկոսով` մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, իսկ խոզերի գլխաքանակը ավելացել է 18.8 տոկոսով: Նախորդ տարվա ցուցանիշներով Գեղարքունիքն առաջատար է նաև հացահատիկի և կարտոֆիլի արտադրության առումով: Մարզում ցորենի ցանքատարածությունների ավելացման և բարձր բերքատվության շնորհիվ հնարավոր եղավ լուծել հանրապետության պարենային անվտանգության խնդիրը, և անցյալ տարի ցորենի ինքնաբավության մակարդակը կազմեց 56 տոկոս: Նախարարի խոսքով` Գեղարքունիքի մարզում շնորհիվ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի գրեթե ամբողջությամբ լուծված է գյուղտեխնիկայի հարցը: Ծրագրի երկու փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ արոտօգտագործողների միավորումներին տրամադրվել է 376 անուն գյուղտեխնիկա, որից 77-ը` անիվավոր տրակտոր:

Գեղարքունիքի 7 համայնքներ ներգրավված են «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրում, որի շնորհիվ 5 համայնքում այս տարի առաջին անգամ հանրապետությունում հնդկացորենի մշակություն կիրականացվի: Ծրագրի շրջանակում Ծովագյուղ համայնքում կկառուցվի վերամշակման արտադրամաս` հնդկացորենը շուկայահանման պատրաստելու համար: Նույն ծրագրի միջոցներով Գեղարքունիքը նաև պանրի և բուսական թեյերի նոր արտադրամասեր կունենա: Նախարար Կարապետյանը հավելել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մարզի առջև դրված սոցիալ – տնտեսական խնդիրների լուծման նպատակով նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Մարտունու տարածաշրջանի ջրամատակարարման խնդիրների լուծման և մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ: Աշխատանքները շարունակվում են․ արդյունքները կներկայացվեն առաջիկայում։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Սարուխան և Վարդենիս համայնքների ֆերմերներ Վահան Գևորգյանը և Աշոտ Գրիգորյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի: Այնուհետև նախարարն ուղևորվել է Վարդաձոր համայնք, որտեղ հետևել է կարտոֆիլի տնկման աշխատանքներին: Նախարարը եղել է նաև Գեղհովիտ համայնքում, որտեղ Մարտունու գետի ափամերձ տարածքներում իրականացվում են գաբյոնապատման աշխատանքներ: Համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը ներկայացրել է Գեղհովիտում 2014 թվականից գործող գյուղատնտեսական կոոպերատիվի հաջողությունները` գոհունակությամբ նշելով, որ ձեռք բերված գյուղտեխնիկայի շնորհիվ հնարավոր է դարձել արդյունավետ կազմակերպել կոոպերատիվի գործունեությունը:
Այցի ավարտին նախարարը եղել է նաև Ծովագյուղ համայնքում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել համայնքում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ, նաև պատասխանել գյուղատնտեսներին հուզող հարցերին:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին  /minagro.am/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59