Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գումարտակի մարտիկներն արժանացան խրախուսանքի

02.05.2016

Մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար գումարտակի աչքի ընկած սպաներին ու զինվորներին պարգեւատրելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի եւ Սեւանի տարածքների մի շարք համայնքների ղեկավարներ այցելեցին ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամաս: Հոգեւոր սպասավոր Էդուարդ սարկավագ Սեփանյանի խոսքով և տերունական աղոթքով զորամասում մեկնարկեց նախատեսված միջոցառումը: ՙՍիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար:Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից հետո մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն անառիկ պահելու գաղափարը: Դուք ապացուցեցիք, որ հայի ոգին հզոր է, հայ զինվորը՝ անպարտ: Նա սահմանի վրա անվրեպ խեցում է թշնամու տանկերն ու մարտական ուղղաթիռները, ապացուցելով, որ իրեն ոչ մի ուժ չի կարող հաղթել: Թշնամու հարձակումը համախմբեց հայ ազգին աշխարհով մեկ, եւ ձեր թիկունքն այսօր ամուր է այդ համախմբմամբ: Ձեր կողքին է ողջ Գեղարքունիքի մարզը, Հայաստանն ու Սփյուռքը: Մենք հպարտանում ենք ձեզնով, խոնարհվում ձեր սխրանքների ու փառքի առաջ՚,-իր խոսքը Հայոց բանակի մարտիկներին ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙՀայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի անունից ձեզ եմ փոխանցում շնորհակալական խոսքերը՝ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Դուք եք այսօրվա հերոսները, որ անվեհեր մարտնչել եք մարտերում: Ձեր հաղթանակը ոչ միայն կայացել է ռազմի դաշտում, այլ նաեւ ազգի ոգին բարձրացնելու եւ հզորացնելու ուղղությամբ: Այսօր մենք շատ ավելի հզոր ենք, քան մեկ ամիս առաջ՚,-իր խոսքը եզրափակեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
ՙՍիրելի զինակից ընկերներ, մեր հավաքում ուզում ենք ոգեկոչել Տիգրան մեծին, ով ստեղծեց ծովից ծով Հայաստան, մենք ուզում ենք ոգեկոչել Վարդան Մամիկոնյանին, Սարդարապատի ճակատամարտի հերոսներին,Արցախյան գոյամարտի հաղթանակը կռողներին: Մենք պետք է արժանիորեն շարունակենք մեր հերոս հայրերի փառապանծ ուղին մեր քաջությամբ ու համախմբվածությամբ՚,-ծառայակից ընկերներին դիմեց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Մուշեղ Սիմոնյանը: ՙՄեր գումարտակն անթերի կատարեց իր մարտական հանձնարարությունը: Այսուհետ էլ մենք պատրաստ ենք մարտական ցանկացած հանձնարարության՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն խաղաղության, որը ձեռք է բերվում հայ զինվորի կռած հաղթանակներով՚,-շեշտեց գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Հարությունյանը:
Մարտական արիության համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց հինգ, դրամով՝ քսան զինծառայողի: ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի պատվոգրով պարգեւատրեց տասնհինգ եւ դրամով՝ քսան զինծառայողի: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը Վարդենիսի քաղաքապետի պատվոգրով պարգեւատրեց տասնհինգ եւ դրամով՝ հինգ զինծառայողի: 12 զինծառայողներ դրամական խրախուսանքի արժանացան Ծովակի, Մաքենիսի, Մեծ Մասրիկի, Ախպրաձորի, Լճավանի, Վանեվանի, Տորֆավանի, Տրետուքի, Նորակերտի եւ Արփունքի գյուղապետարանների կողմից: Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր եւ Լճաշեն համայնքների կողմից աջակցության կարգով զորամասին տրվեց ռետինե կոշիկներ եւ ծխախոտ: Միջոցառման ավարտին Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, որի ներքո ռազմական պար բռնեցին գումարտակի զինվորները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03