Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը

19.04.2016

Ապրիլի 19-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքի համար 3 հիմնական եւ ավագ, Լճաշենի եւ Նորատուսի համար 1 միջնակարգ, Գավառի համար 4 հիմնական դպրոցներում  եւ Գավառի պետական համալսարանում: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Տեղերում Գաբրիել Ղազարյանը ծանոթացավ դպրոցների մարզադահլիճների եւ շախմատի դասասենյակների պայմաններին ու հագեցվածությանը, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաների դասավանդման դրվածքին: Կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները նախարար Գաբրիել Ղազարյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ համատեղ քննարկեց Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին հրավիրված էին  մարզի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենները եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները: ՙԱյս այցը նախատեսում է ի հայտ բերել այն խնդիրները, որոնք ուղղակիորեն առնչվում են ինչպես մարզադահլիճների ընդհանուր վիճակին, այնպես էլ՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը եւ ծառացած են հանրակրթական դպրոցների առջեւ:Մի դեպքում ունենք նորոգված ու կահավորված մարզադահլիճ, որ չի ջեռուցվում, մեկ այլ դեպքում՝ ջեռուցվող մարզադահլիճ, որ մարզագույքի կամ նորոգման խնդիրներ ունի:ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղերում համակարգում է բարձրացված հիմնահարցերը, որոնք առաջիկա 2-3 տարիների ընթացքում կգտնեն իրենց լուծումները՚,-հավաստիացրեց նախարարը:
ՙՄարզի որոշ դպրոցներ ունեն մարզադահլիճային անբավարար պայմաններ, մարզագույքի ու նորոգման խնդիրներ, որոնց պետք է քայլ առ քայլ լուծում տանք: Ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակական կողմի ապահովման համար պետք է լինենք ավելի հետեւողական, կարողանանք քիչ միջոցներով ավելի կարեւոր խնդիրներ լուծել:Ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննությունը հանրակրթական դպրոցներում կանցկացվի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ: Մենք պետք է ունենանք միանգամայն առողջ եւ ուժեղ սերունդ, ինչն անհնար է իրագործել առանց ֆիզկուլտուրա առարկայի պատշաճ դասավանդման: Շատ կարեւոր է բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների ներգրավումը, որը պարտադիր պայման կլինի եկող տարվանից՚,-հանդիպման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանը պատասխանեց ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03