Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քո սխրանքն անմահ է զինվոր

12.04.2016


Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղն այսօր անհուն կսկիծով ու հպարտորեն դեպի անմահություն ճանապարհեց իր հերոս զավակ, Արցախում թշնամուն դիմակայելիս զոհված Նորիկ Զավենի Սարգսյանին: Նորիկ Սարգսյանը հուղարկավորվեց հայրենի Երանոսի գերեզմանոցում, զինվորական ու եկեղեցական կարգով, պատվո համազարկերի ու ռազմի երաժշտության հնչյունների ներքո: Հուղարկավորությանը մասնակցում էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երանոսի եւ մերձակա համայնքների բազմաթիվ բնակիչներ, հերոսի ծառայակիցներն ու դպրոցական ընկերները, հարազատները: Հոգեհանգստյան կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվները:Նորիկի աճյունը գյուղի երիտասարդները տարան ձեռքերի վրա, իսկ շիրմափոսը հողով ծածկեցին  ձեռքերով` այդպես արտահայտելով իրենց հարգանքն ու խոնարհումը հերոսի հանդեպ:ՙՍիրելի ծնող Զավեն, այսօր քո զինվոր որդին նաեւ մեր որդին է, ով սահմանի վրա արյուն թափեց, որ թշնամին ոտք չդնի մեր սրբազան հողը, եւ իր նահատակությամբ նա միացավ մեր մյուս հերոս նահատակներին: Թալիշի ավերումը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի տան պատերից քարեր են ընկել, մեր ընդհանուր հայրենիքն է վտանգվել: Խոնարհվում ու համբուրում եմ այս սուրբ գերեզմանը, որտեղ հանգչում է մի հերոս, ում սխրանքին ողջ ազգն է երախտապարտ: Երնեկ այն մորը, որ այսպիսի զավակ է ծնել, որի առաջ համայն հայությունն է խոնարհվում՚,-թաղման կարգ կատարելուց հետո նշեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանա Մկրտչյանը: Զսպելով անհուն հուզմունքը՝ հուղարկավորության մասնակիցներին դիմեց Նորիկի հայրը՝ Զավեն Սարգսյանը:ՙՍիրելի հայրենակիցներ, սփոփված եմ ձեզնով, ձեր մխիթարական խոսքերով, աջակից լինելու պատրաստակամությամբ, նաեւ նրանով, որ կարողացա հայրենի հողին հանձնել իմ հերոս զավակին: Ես հինգ որդի ունեմ, որոնցից երկուսը ծառայել են Հայոց բանակում, երկուսն էլ դեռեւս պետք է ծառայեն, մեկն էլ մատաղ եղավ իր հայրենիքին:Իմ զավակի մահով ավելի սրբացավ մայր հողը, որը պաշտպանել պարտավոր ենք բոլորս, եւ ոչ թե պետք է գաղթենք ու գնանք այս հողից, այլ պետք է վերադառնանք ու որդուս պես կրծքով պաշտպանենք մեր հայրենիքը՚,-ասաց Զավեն Սարգսյանը:Հետմահու Նորիկ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացել է ՙՄարտական ծառայության համար՚ մեդալի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03