Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրականացվում են հեղեղավտանգ իրավիճակի կարգավորման և ոռոգման շրջանի նախապատրաստման աշխատանքներ

08.04.2016

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկեցին մարզում գարնանային վարարումներից սպասվող հեղեղավտանգ իրավիճակի հաղթահարման եւ ոռոգման շրջանին նախապատրաստվելու հետ կապված խնդիրներ: Արամ Հարությունյանի ներկայացմամբ՝ հակահեղեղային միջոցառումների իրականացման համար այս տարի պետական բյուջեից մարզին հատկացվել է մոտ 80 միլիոն դրամ, որն ուղղվել է բնակավայրերով հոսող գետերի առավել վտանգավոր տեղերի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքների իրականացմանը: ,,Առավել վտանգավոր ու խոցելի են դիտվել Գավառագետը Գավառ քաղաքում եւ Մարտունի գետը Գեղհովիտ գյուղում: Մաքրման աշխատանքներն արդեն մեկնարկային փուլում են եւ կավարտվեն առաջիկա 1 ամսվա ընթացքում՝ մինչեւ գարնանային վարարումների սկիզբը: Ոռոգման շրջանը կմեկնարկի 2-2,5 ամսից, ինչին նախապատրաստվելու համար մարզի 3 ջրօգտագործող ընկերություններին տրամադրվել է մոտ 90 միլիոն դրամ, որի շրջանակներում կնորոգվեն պոմպակայանները, ջրատարների վնասված հատվածները:Կարծում եմ, որ տրամադրված միջոցները բավարար են՝ ոռոգման շրջանին պատրաստ լինելու համար,,-նշեց Արամ Հարությունյանը: Հրատապ է նաև Գավառագետի Արծվաքար թաղամասով անցնող որոշ հատվածի ամրացման խնդիրը, որի ուսումնասիրման և հետագայում դրա մաքրման ու ափապաշտպան գոտիների ամրացման աշխատանքների պլանավորման համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը այցելեցին Արծվաքար թաղամաս: ,,Արծվաքար թաղամասում առկա է մոտ 2 կլիոմետր երկարությամբ Գավառագետի հունը մաքրելու եւ որոշ հատվածներում ափերի ամրացման աշխատանքներ իրականացնելու խնդիր: Խնդիրն արմատապես լուծելու համար առաջիկայում կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքներ, ապա փորձաքննության արդյունքը կներկայացվի ՀՀ կառավարություն, պահանջվող աշխատանքների համար ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Միջոցներ կգտնենք նաեւ Արծվաքար թաղամասի ոռոգման պոմպակայանի եւ ջրատարի վերագործարկման համար, ինչի արդյունքում այստեղ այս տարի բնակիչները հնարավորություն կունենան ոռոգելի դարձնել մինչե 40 հեկտար հողամաս,,-նշեց Արամ Հարությունյանը:
,,Գարնանային վարարումներին ու ոռոգման շրջանի նախապատրաստմանն ընդառաջ՝ ՀՀ կառավարության միջոցներով իրականացվում են անչափ կարեւոր ու հրատապ աշխատանքներ: Մեր կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են տեղերից բարձրացված հիմնահարցերը: Այսօր հրավիրված քննարկման արդյունքում ջրտնտպետկոմի նախագահի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, պայմաններ ստեղծել հեղեղավտանգ իրավիճակի հաղթահարման ու ոռոգման շրջանի սկզբին լիովին պատրաստ լինելու համար,,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ապրիլի 5-ից ՀՀ պետական բյուջեից հատկացված 30 մլն դրամի շրջանակներում արդեն ընթանում են Գավառագետի Հացառատ թաղամասով անցնող հատվածի մաքրման աշխատանքները: Այն իրականացվում է ,,Ճամբարակի ՃՇՇՁ,, ՓԲԸ շինարարների կողմից: Հացառատի կամրջից մինչեւ քաղաքի հրապարակի կամուրջ ձգվող երկու հատվածներում պետք է գետի հունը մաքրվի 1,8 կլիոմետր երկարությամբ: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03