Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերոս զավակները ճանապարհվեցին անմահություն

07.04.2016

Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի եւ Փոքր Մասրիկ համայնքները փառքով հավերժություն ճանապարհեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայողներ,Արցախի պաշտպանական դիրքերում հերոսի մահով ընկած իրենց զավակներին՝ Հարություն Հովհաննեսի Աբրահամյանին եւ Վրեժ Վարդանի Սարգսյանին: Հուղարկավորությունից առաջ հերոսների աճյունները տեղափոխվեցին Արեգունու եւ Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցներ, որտեղ կազմակերպվեցին նրանց վերջին հրաժեշտի ու խոնարհումի արարողությունները: Հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալները: Ինչպես ներկաներին ծանուցեց ՀՀ ՊՆ Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը, գործած սխրանքի եւ անձնուրացության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հարություն Աբրահամյանին և Վրեժ Սարգսյանին հետմահու պարգեւատրել է ՙՄարտական ծառայության համար՚ մեդալներով: Հոգեհանգստյան ու հրաժեշտի կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը, Տեր-Տարոն քահանա Հունանյանը եւ Տեր-Տիրատուր քահանա Հակոբյանը: Հերոսների աճյունները հողին հանձնվեցին զինվորական կարգով, պատվո համազարկերի ներքո: Ապրիլի 7-ին Զոլաքար գյուղը զինվորական ու եկեղեցական կարգով, բազմամարդ թափորով, փառքի ու հպարտության խոսքերով հրաժեշտ տվեց իր հերոս զավակ, Հայոց բանակի ենթասպա, Արցախի հողը պաշտպանելիս զոհված Գագիկ Սուրենի Մելքոնյանին:  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից հերոսին   հետմահու շնորհվել է ՙՄարտական ծառայության համար՚ մեդալ: ՙԳագիկ Մելքոնյանը մեր դպրոցի աչքի ընկած աշակերտներից էր՝ խելացի ու հայրենասեր, ողջ գյուղում ճանաչված, հարգված անձնավորություն: Որպես պայմանագրային զինծառայող՝ նա մարտական ծառայություն էր իրականացնում մեկ այլ վայրում, սակայն երբ Արցախը ենթարկվեց թշնամու ընդհանուր հարձակմանը, նա հերթափոխը հանձնելու փոխարեն կամավոր մեկնեց առաջին գիծ եւ զոհվեց հայրենափրկության դիրքերում:Նրան հավերժ կհիշեն մեր գյուղի սերունդները՝ խոնարհվելով նրա գործի ու անվան առջեւ՚,- նշեց Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան  N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55