Նորություններ
Մարզում ճանապարհները բաց են և երթևեկելի
21.03.2016

Գեղարքունիքի մարզում մարտի 20-ին մի քանի ժամ տեղացած ձյան և բքի հետևանքով ձյան բարձրությունը հասնում է 5, առանձին հատվածներում` 10-15 սանտիմետրի: Տեղումներն ընթացել են ցուրտ եղանակի և քամիների ուղեկցությամբ: Արդյունքում, գիշերվա ընթացքում մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին ձեւավորվել է մերկասառույց, դժվարանցանելի իրավիճակ ստեղծելով երթևեկության համար: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ ձնաբքի հետևանքով փակվել են Մարտունի- Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում եւ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհը: Նույն աղբյուրի հավաստմամբ սպասարկող կազմակերպությունները մարտի 21-ի գիշերվանից իրականացրել են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայության տվյալներով գիշերվա ընթացքում ձյան մեջ ավտոմեքենաների արգելափակումի դեպքեր են գրանցվել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի տարբեր հատվածներում: Մարզի փրկարարները արձագանքել են 8 ահազանգի և օգնել բոլոր ուղեւորներին:Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ չկան: