Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրին նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

10.03.2016

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին ֆինանսական եւ գործառնական հաշվետվություն ներկայացրին ՙԳավառի ԲԿ՚, ՙՄարտունու ԲԿ՚, ՙՃամբարակի ԱԿ՚, ՙՄարտունու ծննդատուն՚, ՙԳավառի պոլիկլինիկա՚, ՙՎարդենիսի պոլիկլինիկա՚ ՓԲԸ տնօրենները: Նշված բուժհիմնարկներում 2015 թվականին իրականացված հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների ցուցանիշները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ 2015 թվականին հաշվետվություն ներկայացնող կազմակերպություններում հիվանդանոցային ծառայություններից օգտվել է 7380, արտահիվանդանոցային ծառայություններից՝ 47315 քաղաքացի: Սպասարկվել է 15916 տնային կանչ:ՙՄեծ տոկոս են կազմում մայրաքաղաքի հիվանդանոցներ գործուղված հիվանդները, ինչից կարելի է եզրակացնել, որ մարզում հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջեւ բացակայում է փոխհամագործակցությունը: Եթե մի հիվանդանոցում բացակայում է բուժող նեղ մասնագետ բժիշկը, հիմնականում հիվանդին գերադասում են ուղեգրել մայրաքաղաք, քան թե մարզի այն հիվանդանոց, որտեղ կա պահանջված մասնագետը, բուժման համապատասխան պայմանները: Հարկավոր է ձեւավորել ու արմատավորել հիվանդանոցային ծառայությունների ներմարզային համագործակցությունը՚,-կարեւորեց վարչության պետը:
Տարվա ընթացքում նկատելի տոկոս են կազմել նաեւ մարզում ծննդօգնության հավաստագիր ստացած այն հղիները, ովքեր ցանկություն են հայտնել ծննդաբերել մայրաքաղաքի ծննդատներում: ՙՊետք է հասնել նրան, որ ուղեգրումները մայրաքաղաք կատարվեն ամենածայրահեղ դեպքերում՝ ըստ բժշկական ցուցման՝ շեշտը դնելով ներմարզային ուղեգրումների վրա: Մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր ներուժը, կարողանանք բարձրացնել մարզում առկա հիվանդանոցային ծառայությունների արդյունավետությությունը փոխհամագործակցության հաստատման եւ կադրային խնդիրների լուծման հիման վրա՚,-խնդրին անդրադարձավ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Այնուհետև բուժհիմնարկների տնօրենները ներկայացան 2015 թվականին իրենց կազմակերպություններում իրականացված բազմաբնույթ գործունեության հաշվետվություններով, մարզի ղեկավարից ստանալով ցուցումներ և հանձնարարականներ` ի հայտ եկած հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: Ամփոփելով ներկայացված հաշվետվությունները մարզպետը հանձնարարեց կարճ ժամանակահատվածում վերացնել նկատված ֆինանսական թերությունները, ֆինանսական գործունեությունը կազմակերպություններում իրականացնել բացառապես գնումների մասին օրենքի պահանջների համապատասխան, յուրաքանչյուր ամիս մարզպետին ներկայացնել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ուղեգրումների հստակ պատկերը, հետեւողականորեն բուժհաստատությունները համալրել նեղ մասնագետ կադրերով, բարձացնել աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը եւ մատուցվող ծառայությունների որակը. ՙՕրեցօր փոխվում են մարզի առողջապահությանն առաջադրվող պահանջները, որոնց մենք պարտավոր ենք արձագանքել ճիշտ ժամանակին: Չեմ կարծում, թե մեզանում հիվանդանոցային պայմանները եւ բժիշկ մասնագետները զիջում են մայրաքաղաքի բուժհաստատություններին ու բժիշկներին: Եթե ուղեգրումների քանակը դեպի մայրաքաղաքի հիվանդանոցներ նկատելի թիվ է կազմում, նշանակում է, որ մեզ մոտ գովազդն է պակաս, մեր ունեցած ներուժի օգտագործումն է անբավարար, ինչի ուղղությամբ պետք է պահանջվող ջանքերը գործադրել՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց կազմել աշխատանքային գրաֆիկ, մարզի բժիշկների ուժերով գյուղական համայնքներում պարբերաբար բաց դռների օրեր անցկացնելու, բնակչության բուժսպասարկման վիճակը բարելավելու նպատակով: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հաշվետվություն ներկայացնող տնօրենների աշխատանքը գնահատեց բավարար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15