Նորություններ
Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում Գեղարքունիք- Նոր Նորք համագործակցության շրջանակներում
26.02.2016

Գեղարքունիքի մարզի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում «Սոսե Մայրիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է հերթական նախաձեռնությունը: Փետրվարի 19-ին Մարտունի քաղաքի Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցում անցկացվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձին: Խաղին մասնակցել են Մարտունու N1 և N2, Գավառի N1 հիմնական, Ակունքի և Լճաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են հինգ դպրոցական, 1-ական ոստիկան և զինծառայող:
Միջոցառման նպատակը` աշակերտներին համակողմանի գիտելիքներ հաղորդել հայոց պատմության նորօրյա էջերի՝ Արցախյան ազատամարտի, հայոց հաղթանակի կերտման հիմքերի, Հայոց բանակի հզորության հիմքում ընկած գործոնների վերաբերյալ: Քննարկվել են նաև հասարակության համար արատավոր երևույթների և բարքերի բացասական հետևանքները՝ ներկայացնելով դրանց կանխարգելմանն ուղղված կարծիքներ ու ծրագրեր: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով և պարգևատրման արարողությամբ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի կողմից մասնակից դպրոցների ներկայացուցիչներին փոխանցվել են Նոր Նորքի մտավորականների ստեղծագործությունները ներառող մի շարք գրքեր: Միջոցառման կազմակերպիչների հետ միասին մասնակից աշակերտները մայիս ամսին եռօրյա այցով կուղևորվեն ԼՂՀ: Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում Նոր Նորքի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և NN զորամասում՝ քննարկելով առաջիկայում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ մի շարք ծրագրեր: