Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում առաջիկա տարիներին խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավման եւ նորացման ուղղությամբ կկատարվեն խոշոր ներդրումներ

05.02.2016

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը հավաստեց, որ Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին եւս ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ պատվիրատվությամբ կշարունակվեն խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման եւ նորացման ծրագրերը: Հանդիպումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը եւ այլ պաշտոնյաներ, վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Բացելով հանդիպումը` Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ հրավիրված հանդիպման հիմնական նպատակն է` համատեղ քննարկել առաջիկա հրատապ անելիքները, հստակեցնել հետագա քայլերը: ՙՄինչեւ սպասարկող ընկերությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացի ավարտը, մինչեւ սպասարկող օպերատորի ընտրությունը մենք պետք է հաստակեցնենք մեր հետագա անելիքները, հասկանանք, թե ինչ առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու: Մինչ այժմ ՙՀայջրմուղկոյուղու՚ հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը հիմք է տալիս համոզվելու, որ առաջիկա տարիներին եւս մենք կկարողանանք լուծել մեր առջեւ դրված բոլոր խնդիրները` շուրջօրյա կայուն ջրամատակարարում ապահովելով մարզի բոլոր համայնքներում՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենն իր խոսքում հավաստեց, որ Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ուղղությամբ ներդրումները կշարունակվեն, կշարունակվի նաեւ հաստատված համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների հետ: ՙ2016-2018 թվականներին Գեղարքունիքի մարզի համայնքների խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի նորացման համար նախատեսվող ներդրումը կազմելու է 9 միլիոն 200 հազար եվրո: 2016 թվականի ընթացքում վարկային ծրագրում ընդգրկված բոլոր համայնքներում կիրականացվեն նախագծման աշխատանքներ, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանից: Առաջիկա հինգ տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարկային ներդրումները Գեղարքունիքի մարզում կկազմեն մինչեւ 200 մլն  դոլար:Ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրները կլուծվեն տարեցտարի, փուլ առ փուլ, միայն թե համբերել է պետք: Իսկ մինչեւ շինարարական աշխատանքների սկիզբը մենք պետք է լուծենք ընթացիկ խնդիրները, շարունակենք մեր միջեւ հաստատված գործնական ու բարեկամական հարաբերությունները՚,-նշեց Պատրիկ Լորենը:
Հանդիպման ընթացքում իրենց համայնքներում կուտակված խնդիրներն առաջ քաշեցին Սարուխանի, Գանձակի, Կարմիրգյուղի, Լճափի, Ներքին Գետաշենի, Ծաղկաշենի, Ծաղկունքի,Դդմաշենի, Ծովագյուղի, Շատվանի, Գեղհովիտի,Ջիլի, Ճամբարակի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ լուծման ենթակա խնդիրների մեջ ընդգրկվեցին Ներքին Գետաշենի որոշ թաղամասերի ջրամատակարարման ապահովման, ներքին ցանցի վերակառուցման, Ծաղկունքի ջրատարի մաքրման կայանի վերջնական շահագործման եւ ներքին ցանցի վերակառուցման, Ծովագյուղում 300 բաժանորդների բնակարաններում ջրաչափերի տեղադրման, Շատվանի արտաքին եւ ներքին ջրատար ցանցերը ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ սպասարկման ոլորտում ընդգրկելու հետ կապված եւ մի շարք այլ հիմնահարցեր: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը`ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության հետ համատեղ հետամուտ լինել առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրների կարգավորմանը:
Ընթացիկ հարցերի լուծման, ինչպես նաեւ համայնքների ջրամատակարարման համակարգերի նորացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մեկնարկը կտրվի մոտակա երկու ամիսների ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38