Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿ և ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության 2015 թվականի գործունեությունը գնահատվեց բավարար

20.01.2016

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն ներկայացրեցին 2015 թվականին կատարած աշխատանքների մասին: Հաշվետվությունն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Ըստ ՀՀ ՏԿ և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի ներկայացրած հաշվետվության` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Ինչպես նշվեց, հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 941 ահազանգ, որոնցից 41-ը փոխանցվել է այլ շահագրգիռ մարմինների, իսկ մարզի փրկարարների կողմից արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացվել է 871 ելք: Ելքերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 164-ով: Գրանցված դեպքերից ինչպես նշվեց, 268-ը տեխնածին են, որոնց հետեւանքով զոհվել է 21, վիրավորվել` 87 մարդ: Զոհերի եւ վիրավորների մեծ մասը եղել են ճանապարհատրանսպորտային պատահարներից:
Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Կամո Եդոյանն իր զեկույցում նշեց, որ տվյալ ժամանակահատվածում ստացվել է 172 ահազանգ հրդեհների վերաբերյալ: Հրդեհների պատճառած նյութական վնասի չափը կազմել է 46 միլիոն 110 հազար դրամ: 7 հրդեհի դեպքով նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Հաշվետվությամբ հանդես եկան նաեւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պետ Սուրեն Մնացականյանը, ՙՍեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն՚ ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը: Հիդրոօդերեւութաբանության մարզային ծառայության կատարած աշխատանքների մասին ներկայացրեց Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Գեղարքունիքի մարզի համար 2015 թվականի կարեւոր ձեռքբերումը համարեց ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը: Ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված հաշվետվությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծեց, որ թեեւ աշխատանքները մարզային փրկարարական վարչության կողմից կատարվել են բարեխղճորեն, սակայն հարկավոր է ձգտել ավելիին, որպեսզի համակարգում չնկատվի որևէ բացթողում կամ թերություն: Նա կարեւորեց մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցված ու համակարգված աշխատակարգի պահպանումը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ ՏԿ և ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության 2015 թվականի կատարած աշխատանքները գնահատեց բավարար:
Աշխատանքներում աչքի ընկած փրկարարները Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և մարզի քաղաքային համայնքների ղեկավարների կողմից արժանացան խրախուսանքների:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38