Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

25.12.2015

Դեկտեմբերի 25–ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց`«2015 թվականի դեկտեմբերի21 –ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման մասին»,«ՀՀ Գեղարքունիքի մարզի 2015 թվականի գյուղատնտեսական ցուցանիշների ամփոփման մասին», «Սեւանա լճում ձկան ձվադրման հետ կապված` ձկնորսության արգելման աշխատանքների իրականացման մասին»: Օրակարգային առաջին հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 21–ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 90,2 տոկոս:Առավել բարձր արդյունք ապահովել են Մարտունու տարածաշրջանի համայնքները` եկամուտները հավաքագրելով հարյուր եւ ավելի տոկոսներով, իսկ առավել ցածր արդյունքներ ցույց են տվել Վարդենիսի տարածաշրջանի համայնքները: Վարչության պետը հավելեց, որ մինչեւ տարեվերջ դեռ հինգ աշխատանքային օր կա, եւ թերացած համայնքների հետ աշխատանք է տարվում` սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրելու, մարզի միջին ցուցանիշը բարձրացնելու համար:Օրակարգային երկրորդ հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա խոսեց գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականի ընթացքում գրանցված ընդհանուր ձեռքբերումների եւ արդյունքների մասին, հավաստելով, որ բացառությամբ գարու արտադրության, գյուղմթերքների արտադրության աճ է արձանագրվել ինչպես անասնապահության, այնպես էլ դաշտավարության բնագավառներում:Զեկուցողը ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում կատարված աշխատանքները, ինչի արդյունքում մարզի որոշ համայնքներ ապահովվել են հինգ տասնյակից ավել անվավոր տրակտորներով, հարյուրավոր գյուղգործիքներով: Ըստ զեկուցողի` ծրագրի առաջին փուլն հաջողությամբ ավարտվել է, իսկ երկրորդ փուլը մեկնարկելու է եկող տարի ու շարունակվելու է մինչեւ 2019 թվականը, որի ընթացքում մարզի երկու տասնյակ համայնքներում կիրականացվեն արոտների ջրարբիացման եւ նորագույն գյուղտեխնիկայի ձեռքբերման աշխատանքներ:Օրակարգային երրորդ հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը: Նա ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը, համաձայն որի այս տարվա նոյեմբերի 18-ից մինչեւ դեկտեմբերի 25 –ը եւ 2016 թվականի հունվարի 5–ից մինչեւ 20–ը Սեւանա լճում դադարեցվում է ամեն տեսակ ձկների որսը` կապված ձվադրման շրջանի հետ: Զեկուցողն անդրադարձավ նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հաստատված միջոցառումների ցանկով նախատեսված աշխատանքներին, շեշտելով, որ ապօրինի ձկնորսությունը կանխելու համար որոշակի դեր ունեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Մարզխորհդի նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Խոսելով օրակարգային առաջին հարցի մասին` մարզի ղեկավարը հորդորեց սեփական եկամուտները թերի հավաքագրած համայնքների ղեկավարներին` մինչեւ տարվա ավարտը տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրել ամբողջությամբ, բարձրացնել մարզի միջին կատարողականը եւ հասնել նրան, որ Գեղարքունիքի մարզը Հանրապետության մարզերի շարքում չհայտնվի հետնապահների թվում: Օրակարգային երկրորդ հարցի մասին խոսելով` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը» եկող տարվանից կիրականացվի քսան համայնքներում, ինչի արդյունքում մարզի գյուղատնտեսության ոլորտը կունենա թե հսկայական ներդրումներ, թե նոր աճ ու առաջընթաց: Մարզպետը երրորդ հարցի շուրջ հայտնեց իր մտահոգությունը եւ կոչ արեց Սեւանի ափամերձ որոշ համայնքների ղեկավարներին` համատեղ աշխատանքով նպաստել Սեւանա լճում օրենքով սահմանված կարգով ձկան որսի արգելքի ռեժիմի պահպանմանը:«Բոլորս պետք է անհանգստանանք Սեւանի կենդանական աշխարհի պահպանության եւ վերարտադրության համար»,-առաջարկեց մարզպետը:Վերջում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց մարզխորհրդի անդամներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացավ ուրախ ու հաջողություններով լի նոր աշխատանքային տարի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38