Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային տարին համարեց հագեցած եւ ձեռքբերումներով լի
23.12.2015

Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացավ տարեվերջյան մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Մինչեւ հարց ու պատասխանին անցնելը` Գեղարքունիքի մարզպետը մանրամասնորեն ներկայացրեց մարզում 2015 թվականին կատարված աշխատանքները, պետական միջոցներով կամ այլ կառույցների կողմից մարզում իրականացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, առաջիկա հրատապ անելիքները, եկող տարում սպասվող կենսական նշանակության ծրագրերի ներդրումային ուղղվածություները: Մարզպետը տարին առավել հաջողված համարեց գյուղատնտեսության ոլորտում, որտեղ բոլոր ուղղություններում գրանցվել է աճ, բացառությամբ գարու արտադրության, որտեղ իր ազդեցությունն է թողել ամռան առաջին ամիսներին գրանցված երաշտը:«Այդ պատճառով մարզի տնտեսություններում արտադրված հացահատիկի բերքը մոտ 3 հազար տոննայով պակաս ստացվեց 2014 թվականին գրանցված ցուցանիշից: Մնացած բոլոր ուղղություններում ունեցել ենք գյուղմթերքների արտադրության աճ:Այստեղ էական դեր է խաղացել կառավարության աջակցության ծրագրերի շարունակությունը, համաձայն որի գյուղացիական տնտեսություններին ըստ պահանջարկի եւ ամբողջությամբ տրամադրվել է պետության կողմից սուբսիդավորված պարատանյութեր, դիզվառելիք եւ սերմացու»,-հավաստեց մարզպետը: Այս ոլորտում տարվա ընթացքում առավել նկատելի է եղել ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» իրականացման արդյունավետությունը, որի արդյունքում մարզի մեկ տասնյակից ավելի համայնքներում ավարտվել են արոտների ջրարբիացման եւ գյուղատնտեսական տեխնիկաների` տրակտորների եւ համապատասխան գյուղգործիքների ձեռքբերման աշխատանքները, իսկ 2016-2019 թվականների ընթացքում ծրագիրը ներդրվելու է մարզի 20 համայնքներում:«Առավել կարեւոր է համայնքներին նորագույն գյուղատնտեսական տեխնիկայով ապահովելու խնդիրը, որը կատարվում է նույն ծրագրի շրջանակներում: Մենք համայնքներ ունենք, որոնցում եղած պայմանները չեն համապատասխանում ծրագրի կողմից ներկայացվող չափորոշիչներին, ուստի կառավարության կողմից իրականացվող մեկ այլ ծրագրով փորձում ենք այդ համայնքներին աջակցել լիզինգային եղանակով: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի»արդյունավետ իրականացումով մեզ հաջողվել է ներդրված գումարների որոշակի մաս տնտեսել, որոնք կուղղվեն ոլորտում այլ առաջնահերթ խնդիրների լուծմանը:Տարվա ամփոփ տվյալները ՀՀ վիճակագրության ազգային ծառայության կողմից հրապարակելուց հետո հստակորեն կուրվագծվի ինչպես անասնագլխաքանակի, այնպես էլ անասնամթերքի եւ գյուղմթերքի արտադրության աճ, ինչն արդյունք է այս ծրագրի նպատակային եւ արդյունավետ իրականացման»-հավաստեց մարզպետը:
Ռաֆիկ Գրիգորյանը տարին հաջողված համարեց նաեւ առողջապահության համակարգում,որտեղ այս տարի չի գրանցվել նորածինների մանկական մահացության եւ ոչ մի դեպք:«Նախորդ տարվա 5 դեպքի դիմաց այս տարի մարզի առողջապահական հաստատություններում գրանցված մոտ 2590 ծնունդներից չենք ունեցել մանկական մահացության ոչ մի դեպք: Տարվա ընթացքում վերապատրաստվել են 75 բժիշկ մասնագետներ, որոնցից երեքը վերապատրաստումն անցել են Մոսկվայում: Համագործակցել ենք Երեւանի առաջատար բժշկական երեք կենտրոնների հետ:Ավարտել ենք Ճամբարակի առողջության կենտրոնի արդիականացման ծրագիրը, եւ այժմ ճամբարակցիներն ունեն բուժսպասարկման ամենալավագույն հնարավորությունները: Մեկնարկել են Սեւանի, Մարտունու եւ Վարդենիսի բժշկական կենտրոնների արդիականացման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում:Վարդենիսի հիվանդանոցը կմիավորվի ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալին եւ կգործի մեկ կառույցում` ՀՀ ՊՆ համակարգում»,-նշեց մարզպետը:
Կրթության ոլորտում առանձակի ուշադրություն է դարձվել կրթության որակի բարձրացման եւ դպրոցաշինության հետ կապված խնդիրների լուծմանը:«Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են կրթության որակի բարձրացման ու ապահովման խնդիրները: Շեշտը դրել ենք մանկավարժների վերապատրաստման, կրթության որակի ապահովման հարցերի կարգավորմանը: Մարզի 44 դպրոցներում ՀՀ ԿԳ կրթական պետական տեսչության կողմից ուսումնասիրվել է հանրակրթության որակը, ուսումնասիրության արդյունքներն այժմ գտնվում են ավարտական փուլում: Նկատված թերությունների վերացման համար մեր կողմից կտրվեն համապատասխան հանձնարարականներ, իսկ ովքեր չեն համապատասխանի իրենց մասնասգիտական որակներին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոններին»,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը: Դպրոցաշինության ոլորտում, բացի պետբյուջեի միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքները Հայրավանքի միջնակաարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցներում, մարզպետը հաջողված համարեց նաեւ մարզի 21 դպրոցներում տնտեսված միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են ամբողջությամբ եւ արդյունավետ: Տնտեսված միջոցներով այդ դպրոցներում հիմնականում իրականացվել են սանհանգույցների կառուցման եւ ջրամատակարարման ապահովման, տանիքների, հատակների կամ դռների ու լուսամուտների նորոգման աշխատանքներ:«Բոլոր դպրոցներում մեր կողմից հայտարարաված շինարարական մրցույթները կազմակերպությունները շահել են ավելի ցածր գներով, քան եղել է մրցույթով պատվիրատուի կողմից սահմանված գինը, ինչի արդյունքում դպրոցներն ունեցել են ներդրված գումարի շուրջ 25 տոկոսի չափով տնտեսումներ, որոնք կուղղվեն առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը:Տնտեսված միջոցներով հիմնանորոգվող դպրոցների 50 տոկոսը չունեին սանհանգույց եւ կանոնավոր ջրամատակարարում, ինչն այժմ ունեն ամբողջությամբ: Այսուհետ էլ կլինենք հետեւողական, որպեսզի ոչ մի հաստատություն չմնա առանց սանհանգույցի եւ անկանոն ջրամատակարման, վթարված տանիքի, հնացած դռների, լուսամուտների եւ հատակի: Պետք է հասնենք նրան, որ բոլոր դպրոցներն ունենան անխափան ջրամատակարարում, աշխատող սանհանգույց, բարվոք շենքային պայմաններ»,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Քաղաքաշինության ոլորտում մազրպետը զգալի ձեռքբերում համարեց կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի ներդրումը 450 միլիոն դրամի սահմաններում, որի արդյունքում 12 համայնքներում կատարվեցին քաղաքաշինական տարաբնույթ ծրագրեր:«Ավարտվել են Դրախտիկի եւ Արեգունու հանայնքային կենտրոնների , Փոքր Մասրիկի եւ Մաքենիսի խմելու ջրատարների, Գեղամավանի մշակույթի տան եւ Լճափի միջնակարգ դպրոցների ջեռուցման համակարգերի, Սեւան եւ Մարտունի քաղաքների ներհամայնքային երկու փողոցների հիմնանորոգման, Ծովագյուղի մշակույթի տան նորոգման եւ Գավառի կենտրոնական հրապարակի սալիկապատման աշխատանքները: Կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի նախատեսված ծավալը կատարված է ամբողջությամբ»-հավաստեց մարզպետը:
2015 թվականին շարունակվել է Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունը, որի համար պետբյուջեից ներդրվել է 115 միլիոն դրամ: Թատրոնի շենքի շինարարությունը կշարունակվի եւ ավարտի կհասցվի 2016 թվականի ընթացքում: Այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի մինչեւ 360 միլիոն դրամ, միջոցներ կձեռնարկվեն նաեւ շենքի կահավորման համար:«Հանրապետության Նախագահն իր նոյեմբերյան այցի ժամանակ եղավ պետթատրոնի շինհրապարակում, դիտարկեց կատարված աշխատանքները, շինարարության հետագա շարունակման եւ ավարտի համար տվեց համապատասխան հանձնարարականներ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք կունենանք արդիականացված ու շքեղ թատրոնի շենք՝ բեմական ժամանակակից բոլոր հարմարություններով»,-ասաց մարզպետը:
Ճանապարհաշինության ոլորտում մարզպետը կարեւոր ձեռքբերում համարեց Մայրուղի-Գավառ ավտոճանապարհի հիմնանորոգումը, մոտ 20 կիլոմետր ընդհանուր երկարության ներհամայնքային ավտոճանապարհների ասֆալտապատումը, որոնք կատարվել են պետական կամ տեղական բյուջեների միջոցներով:Շարունակվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, որի ավարտից հետո, 2016 թվականի ընթացքում, կտրվի Վարդենիս-Շորժա ավտոճանապարհի հիմնանորոգման մեկնարկը:«Սրանով Սեւանա լճի հյուսիսային հատվածի համայնքները տրանսպորտային ակտիվ հաղորդակցության պայմաններում կներգրավվեն տնտեսական զարգացման մեջ, քանի որ Շորժա -Վարդենիս մայրուղին Հայաստանի հյուսիսային մարզերի բնակչության համար կդառնա Արցախ տանող ամենակարճ եւ բանուկ ճանապարհը»,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը, hավելելով, որ հաջորդ տարում եւս մարզում կիրականացվի լայնածավալ ճանապարհաշինություն, ուր շեշտն առավելապես կդրվի մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման վրա:
Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ակնկալիքները մեծ են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 23-ի խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարումից, որոնք խոստանում են մինչեւ 10 միլիարդ դրամի ներդրումներ առաջիկա տարիների ընթացքում, ինչի արդյունքում զբոսաշրջության զարգացման նպատակով կկառուցվեն հանրային նոր լողափեր, ոռոգելի հողատարածքներն ավելացնելու նպատակով` նոր ջրամբար Արգիճի գետի վերին հոսանքում, կհիմնվեն ջերմոցային տնտեսություններ, համայնքներում «Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի» միջոցներով կկառուցվեն մանկապարտեզներ ու դպրոցներ, խմելու ջրի մատակարարման համակարգեր, կլուծվի Սեւանի ջրահավաք ավազանը կենցաղային աղբի աղտոտումից զերծ պահելու խնդիրը:«2016 թվականի գարնանից կմեկնարկեն «Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի» կողմից իրականացվող 10 խոշորագույն ծրագրերը, որոնք նախատեսում են 2 միլիարդ դրամի ներդրում: Հանրային լողափեր կկառուցվեն Ծովագյուղում, Ծովազարդում, Դրախտիկում, Նորատուսում, Լճաշենում: Գավառի եւ Սեւանի տարածաշրջաններում կմեկնարկեն ջերմոցային տնտեսությունների հիմնման աշխատանքները:Սպասվող ցանկալի արդյունքի ապահովման դեպքում այս ուղղությամբ կարվեն նոր ներդրումներ նաեւ այլ տարածաշրջաններում: Նեդրդրողների միակ մտավախությունը բանվորական համապատասխան ուժ ապահովելու մեջ է, ինչը, կարծում եմ, լուծվող խնդիր է, քանի որ ժամանակին մեր մարզում գործող արտադրական ձեռնարկություններն ունեցել են բանվորական աշխատանք կատարող հազարավոր մարդիկ:Արգիճի գետի վրա կառուցվող ջրամբարը, որտեղ կամբարվի ավելի քան 6 միլիարդ խորանարդ մետր ջուր, ինքնահոս ոռոգմամբ կապահովի Մարտունու տարածաշրջանի 11 բնակավայրերի, ոռոգելի հողատարածքները կավելացնի 1400 հեկտարով, հնարավորություն կտա տնտեսել տարեկան երեք միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա:ՀՀ Նախագահի հանձնարարականները, որոնք բաղկացած են 9 կետից, ընթացքի մեջ են բոլոր ուղղություններում»,-ներկայացրեց մարզպետը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ուղղված հարցերը եւս վերաբերում էին մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներին:«Սեւան» թերթի եւ «Սեւան tv» հեռուստռաընկերության հարցերը վերաբերում էին Սեան քաղաքի ճանապարհաշինության, բժշկական նոր կենտրոնի շենքի կառուցման եւ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու հետ կապված խնդիրներին: Մարզպետը ներկայացրեց կատարված լայնածավալ ճանապարհաշինական ծրագրերը, որոնք իրականացվել են Սեւանի Նաիրյան փողոցում, Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում, Սեւան-Վարսեր ճանապարհը միացնող փողոցում:Անդրադառնալով Սեւանի նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման խնդրին` Ռաֆիկ Գրիգորյանը հավաստեց, որ արդեն ավարտված են շենքի նախագծման աշխատանքները,իսկ շենքի կառուցումը կսկսվի եկող տարվա ընթացքում:Սեւանը շուրջօրյա կանոնավոր ջրամատակարարմամբ եւ ջրահեռացմամբ ապահովելու համար, ըստ մարզպետի, դեռեւս անելիքներ կան, որոնք «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից կլուծվեն առաջիկայում: Պատասխանելով բարձրացված մյուս հարցերին` մարզպետը նշեց, որ մարզում 2015 թվականին անասնահամաճարակներ չեն բռնկվել, ավելին, ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ անասնաբուժական եւ գյուղատնտեսական աջակցության կենտրոններ են բացվել Հայրավանք գյուղում, Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում: Ըստ մարզի ղեկավարի` կարտոֆիլի իրացման խնդիր այժմ գոյություն չունի, պարզապես գյուղացիներին չի գոհացնում շուկայական գինը, որն այժմ տատանվում է 120 դրամի սահմաններում:2016 թվականին պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Մարտունի եւ Սեւան քաղաքների ավագ, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցների շենքերը:«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման » համալիր ծրագրի ներդրմամբ արդեն ավարտվել է Կարճաղբյուրի ձկնաբուծարանի եւ ձկան վերամշակման գործարանի կառուցումը, հիմք է ստեղծվել Սեւանի իշխանի մայրական կազմի բուծման եւ մանրաձկան մեծածավալ արտադրության կազմակերպման համար:«Սեւանի իշխանի մանրաձկան արտւադրության եւ լիճ բացթողնման խնդիրն այսուհետ իր միջոցներով լուծելու է «Սեւանի իշանի պաշարների պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը», որն այս տարի իրականացրել է մանրաձկան բացթողումը Սեւանա լիճ, եկող տարվա համար ծրագրել Սեւանի իշխանի մանրաձկան նոր բացթողումներ:Մի քանի տարի անց մենք Սեւանա լճում ձկնապաշարի պակասի խնդիր այլեւս չենք ունենա»,-հավաստեց մարզպետը:
Ասուլիսի ավարտին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը արդյունավետ համարեց համագործակցությունը մարզի զանգվածային լրատվամիջոցների հետ եւ միաժամանակ շնորհավորեց ինչպես մարզի բնակչության, այնպես էլ լրագրական ոլորտի ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: