Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
25.11.2015

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբողվող ՀՀ Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը, որն անցկացվեց <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> (LIFE) ծրագրի եւ նրա մաս կազմող <<Խտրականությունը ՉԻ՛ աշխատում>> խորագրով քարոզարշավի շրջանակներում: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամներ, հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործատուներ:
Սոցիալական ձեռներեցության ցանցի մասին զեկույցով հնդես եկավ (LIFE) ծրագրի տնօրեն, ՙՍեյվ դը չիլդրեն՚ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան:
Իսկ <<Լիարժեք կյանք>> ՀԿ ամառային ներառական ճամբարի եւ ընթացիկ ծրագրերի մասին զեկուցեց <<Լիարժեք կյանք>> ՀԿ հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` քարոզարշավի նպատակն է` հասարակության լայն շրջանակներին եւ, մասնավորապես գործատուներին, ներկայացնել ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային եւ ստեղծագործական ներուժը, աջակցման պետական ծրագրերը, որոնցից կարող են օգտվել ինչպես գործատուները, այնպես էլ զբաղվածության կարիք ունեցող հաշմանդամները:
Քարոզարշավն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում եւ միավորում է ավելի քան 30 կազմակերպությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար:
Ամփոփելով նիստը` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը հավանություն տվեց մարզում իրականացված ծրագրերին եւ առաջարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանը ինտեգրելու գործընթացն էլ ավելի ակտիվացնել: