Նորություններ
Գեղարքունիքի մարզի համայնքներում 2016 թվականի հունվարից ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն
05.11.2015

2016 թվականի հունվարի 1-ից, համաձայն <<Ներքին աուդիտի մասին>> ՀՀ օրենքի, Գեղարքունիքի մարզի 92 համայնքներում ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն: Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդատու, <<Գարանտ աուդիտ>> ընկերության տնօրեն Նաիրի Սարգսյանը: Ըստ բանախոսի` յուրաքանչյուր համայնքապետարան պետք է ունենա իր ներքին աուդիտորը: Համայնքի ղեկավարների հայեցողությամբ կարող են ընդունվել ինչպես հաստիքային աշխատողներ,այնպես էլ` պայմանագրեր կնքվել լիցենզավորված կազմակերպությունների հետ, ովքեր իրենց ծառայություններն են առաջարկում: Ի դեպ, լիցենզավորված կազմակերպությունները համեմատաբար էժան գներով աուդիտորական ծառայություն մատուցելու հետ մեկտեղ պարտավորվում են մատուցել նաեւ իրավաբանական խորհրդատվության անվճար ծառայություններ: Ներքին աուդիտորական ծառայության մատուցման դիմաց իրականացվող վճարման չափը սահմանվելու է ամսական 10 հազարից մինչեւ 80 հազար դրամը` կախված համայնքի բնակչության քանակից եւ բյուջետային ծախսերի չափից: Խորհրդակցության ընթացքում Նաիրի Սարգսյանը օրվա թեմայի շրջանակներում պարզաբանումներ տվեց համայնքի ղեկավարների կողմից բարձրացված հարցերի շուրջ: