Նորություններ
Վարդենիսում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել
30.10.2015

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բացվեց գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման նոր կենտրոն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, <<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող <<Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում>> ծրագրի շրջանակում: Այն համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջությանը և անասնապահությանն առնչվող հարցերում։ Կենտրոնում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցանկացողներին կմատուցեն անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ:
<<Ես վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու, և այն կնպաստի մեր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչը մեր հիմնական գերխնդիրն է>>, –նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Իր խոսքում կարևորելով մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որին վերջին տարիներին մեծապես նպաստել է CARMAC ծրագիրը, նախարարը նշել է, որ փոքր, մասնատված հողակտորներով հնարավոր չէ զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսություն, ուստի ոլորտին վերաբերող առաջիկա ծրագրերը ուղղված են լինելու հենց կոոպերացիայի զարգացմանը: